AM
25 Փետրվար 2013 - 09:11 AMT

Մտադրություն կա այսուհետ ավելի լավ պաշտպանել վարորդների իրավունքները

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն մտադիր է օրենսդրական փաթեթ մշակել, որն առնչվում է անմիջապես վարորդների իրավունքների պաշտպանությանը: Այդ մասին փետրվարի 25-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հոհվաննիսյանը: Ըստ նրա, ավտովարորդների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում կանոնակարգվում է օրենսդրությամբ, մասնավորապես, վարչական իրավունքով, սակայն, չկան առանձին դրույթներ, որոնք կպաշտպանեն նրան, սկսած այն պահից, երբ ավտովարորդին կանգնեցնում է Ճանապարհային ոստիկանության տեսուչը մինչ դատական գործերի հարուցումը:

Հովհաննիսյանը հավելել է, որ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնն արդեն ուղարկել է ոստիկանապետին այն դրույթները, որոնք կբարելավեն վարորդ-տեսուչ հարաբերությունները, կազմված 12 կետից իրենց հիմնավորումներով, սակայն բացասական եզրակացություն են ստացել ոստիկանությունից: «Մենք մտադիր ենք այդ առաջարկներով դիմել վարչապետին»,-ասել է նա:

Առավել հաճախ հանդիպող խախտումների թվում «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահը նշել է այն փաստը, որ ավտովարորդը կոպիտ սխալ է գործում, երբ չի ստորագրում տեսուչի կազմած արձանագրությունը: Իր հերթին, տեսուչը պարտավոր է արձանագրություն կազմելուց հետո, ստանալ ավտոսեփականատերի համաձայնությունն ու նրան տրամադրել պատճենը, հետո միայն, ըստ օրենքի, հնարավոր է դառնում վարչական վարույթի հարուցումը: