Վերջին օրերին որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ փետրվարի վերջում Չեխիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի կոմիտեն միաձայն մի փաստաթուղթ է ընդունել, որով դատապարտում է հայերի իբր գործած «ցեղասպանությունը» Խոջալուում: Սակայն, տեղեկատվությունը Պրահայից առավել ևս զարմանալի է, քանի որ այդ երկիրն առաջիններից մեկն էր, որ դատապարտեց մարդասպան Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին ու այնտեղ նրա հերոսացումը և աջակցություն հայտնեց Հայաստանին: Այդ մասին հայտարարել է Սևծովյան-Կասպից տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Ըստ նրա, այդ ֆոնին զարմանալի է կատարվածի հանդեպ հայկական կազմակերպությունների մեծ մասի թույլ արձագանքը, եթե չասենք անգործությունը:
«Կարելի է երկար վրդովվել եվրապացիների անտեղյակությամբ: Սակայն ի՞նչ է դրան հակադրում Հայաստանի կառավարությունը: Անշուշտ, ինչ-որ բան արվում է, բայց ոչ բավարար: Օրինակ, ինչքա՞ն կարելի է խոսել, որ հոդվածներն ու գրքերը պետք է ոչ միայն հայերեն տպագրվեն, այլ նաև ռուսերեն, հատկապես, անգլերեն: Ես նման առաջարկով դիմել եմ և ՀՀ ղեկավարությանը, և Ռուսաստանի հայ գործարարներին, և ՌՀԿ –ում ղեկավարության ներկայությամբ՝ անօգուտ: Կամ նրանք չեն ցանկանում հասկանալ, կամ ձևացնում են, թե նրանց դա հարկավոր չէ: Կա ևս մեկ տարբերակ՝ տեղեկատվական աշխատանքի հետ կապաված ծրագրերի ֆինանսավորելու ցանկության բացակայություն, պայմանավորված դրա կարևորության անտեսմամբ: Բազում են խոսակցությունները, որոնց իմաստը հետևյալն է՝ դուք գիտեք, որ հայերն իրավացի են, ինչու պետք է ինչ-որ մեկին բան ապացուցենք…Բարդ է նման մոտեցումը չբնութագրել որպես մակերեսային և անտարբեր: Նախկինում ես բազմիցս եմ առաջարկել հատուկ հիմնադրամ ստեղծել, որը նպատակային ֆինանսավորում կապահովի նման հրատարակչական գործունեության համար: Նպատակը պետք է լիներ կանգնեցնել հակապատմական գրականության ալիքը, որով լի են Մոսկվայի գրախանութները, նույն աշխատանքը պետք է տանել նաև համացանցում»,-գրում է Զախարովը:
Նա ասել է, որ անգլերեն լեզվով գրքերը Հայաստանի իրական պատմության մասին ՀՀ ԱԳՆ-ն պետք է տարածի ողջ Եվրոպայում: «Անհրաժեշտ է վերջ տալ Բաքվից ամենաբարձր մակարդակով հնչող հակապատմական հիմարություններին: Հիշենք, օրինակ, բազմաթիվ այն հայտարարությունները, թե իբր Ադրբեջանն է հայերին նվիրել Երևանը, որ հայերը նստած են «ադրբեջանական հողերի վրա» և այլն…»: Չի կարելի ուղղակի ձեռք թափ տալ այդ հիմարությունների վրա, պետք չէ մոռանալ, որ ջուրը քալ է տաշում, և դեռ Գեբելսի մշակած քարոզչական աշխատանքի հիմունքները…Ահա և այն մարդկանց անգործության պատճառով, որոնք կարող են հոգալ անհրաժեշտ հրատարակչական ծախսերը, անհրաժեշտ գրականություն տարածել, որը կհերքի ադրբեջանցի գրչակների հորինվածքները, հայտնվում են նման որոշումները Եվրոպայի խորհրդարաններում:
…Իմ կոչն ուղղված է ինչպես հայկական հասարակական կազմակերպություններին, այնպես էլ ուղղակի ոչ անտարբեր մարդկանց: Այսօր շատ բան կախված է մեր արձագանքից և, գլխավորը, այդ գործում աջակցելու վճռականությունից»,-հայտարարել է Զախարովը:





