Նախորդ գումարման ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ահազանգում է, որ Փակ շուկայում նորից շինարարություն է ընթանում:
Այս մասին նախկին պատգամավորը գրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջում:
«Շինարարություն է ընթանում Երևանի Փակ Շուկայում։ Տեղյակ եմ, որ շինարարություն իրականացնողը երկու անգամ վարչական տույժի է ենթարկվել։
Արդյո՞ք հուշարձան հանդիսացող Փակ շուկայի արտաքին ծավալներից դուրս լրացուցիչ հարկաբաժիններ կառուցելու համար կա համապատասխան թույտվություն։ Եվ առհասարակ, կա արդյո՞ք սահմանված կարգով հաստատված նախագիծ և թույլտվություն քաղաքաշինական գործունեություն ծավալելու համար»,- գրել է Լիլիթ Գալստյանը։
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը մեկ ժամ անց արձագանքել է այս գրառմանը և հայտնել, որ ահազանգից հետո վարչության աշխատակիցներն արդեն այցելել են Փակ շուկա և այսօր վերսկսված աշխատանքներն արդեն դադարեցվել են:





