AM
28 Փետրվար 2013 - 08:00 AMT

Նախարարությունը պարզաբանում է ստոմատոլոգիական ծառայությունների լիցենզավորման մասին օրենքը

Առողջապահության նախարարությունն այսօր պարզաբանել է ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման կիրառման ընթացքում ծագած որոշ հարցեր: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է:

Բժշկական օգնության և սպասարկման տեսակ հանդիսացող ստոմատոլագիական և ռենտգենաբանական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշմամբ: Նշված որոշմամբ սահմանված ստոմատոլոգիական և ռենտգենաբանական ծառայությունների մատուցման ընթացքում հաճախ խնդիր է առաջանում դրանց տարանջատման հարցում, մասնավորապես` հարց է ծագում` արդյ՞ոք ստոմատոլոգիական ծառայությունների իրականացման ընթացքում մատուցված ռենտգենաբանական ծառայությունները դիտարկվում են որպես առանձին մատուցվող ռենտգենաբանական ծառայություններ, և եթե ոչ` երբ են համարվում ռենտգենաբանական ծառայությունները մատուցված:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ oրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` Առողջապահության նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է, որ ստոմատոլոգիական ծառայությունների ընթացքում մատուցված ռենտգենաբանական ծառայությունները ներառվում են ստոմատոլոգիական ծառայությունների մեջ:

Առողջապահության նախարարությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից ռենտգենաբանական ծառայությունները համարվում են մատուցված այն դեպքում, եթե դրանք իրականացվում են նույն կազմակերպությունում` առանց ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման: