AM
6 Մարտ 2013 - 06:44 AMT

Օմբուդսմենի տարեկան զեկույցը. Ցուցմունք կորզելու նպատակով ոստիկանները դաժան, անմարդկային մեթոդների են դիմում

ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ներկայացնել Օմբուսդմենի տարեկան զեկույցը: Արդեն ներկայացվել է զեկույցի Արդարադատության և Պաշտպանության նախարարության գործունեության ոլորտների հատվածը: Այսօր ՄԻՊ աշխատակազմը հրապարակել է Մարդու իրավունքների վիճակը Ոստիկանության ոլորտում.

Ոստիկանության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.

• Գրանցվել են մի շարք դեպքեր, երբ հետաքննության և նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով, անձանց ենթարկել են դաժան, անմարդկային ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:

• Բազմաթիվ դեպքերում անձն անհիմն «հրավիրվել է» ոստիկանության բաժին, իր կամքին հակառակ պահվել բաժնում` փաստացի զրկվելով ազատությունից:

• Ստացվել են բողոքներ, որ ոստիկանության բաժիններ բերման ենթարկված կամ ձերբակալված անձինք զրկվել են փաստաբան ունենալու իրավունքից:

• Առանձին դեպքերում ՀՀ ոստիկանության ծառայողների քննչական գործողությունների իրականացումը իրականացվել է անհարկի ձգձգումներով:

• ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հանցագործության մասին քաղաքացիների հաղորդումներին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգը չպահպանելու մի շարք դեպքեր են գրանցվել:

• 2012 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից անձանց խաղաղ հավաքներ անցկացնելու ընթացքում գրանցվել են վրան տեղադրելու խոչընդոտման դեպքեր, երբ մեկ վրանի տեղադրումը եղել է իրավաչափ:

• Չի ցուցաբերվել պատշաճ ուշադրություն ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի բաժանման դեպքերը կանխելու, դրանք բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

• Որոշ դեպքերում ՀՀ անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային ստորաբաժանումներում ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու ՀՀ օրենքով սահմանված ժամկետները տեխնիկական պատճառներով չեն պահպանվել:

• Ստացվել են բողոքներ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ:

• Առկա են խնդիրներ փախստականին տրվող Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի ճանաչման և կիրառման բնագավառում:

Արձանագրված դրական զարգացումները

• Էապես և նշանակալիորեն բարելավվել է խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանության գործելաոճը:

• 2012 թվականի ընթացքում բազմաթիվ դեպքերում օրինախախտ ոստիկանության ծառայողները պատասխանատվության են ենթարկվել:

• ՀՀ ոստիկանապետի ցուցումի համաձայն վերացվել է ճանապարհային երթևեկության կա¬նոն¬նե¬րի խախտման համար նախատեսված տուգանքի՝ տեղում վճարելու պրակտիկան:

• Հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` տեսախցիկներ են տեղադրվել Երևան քաղաքի տարբեր խաչմերուկներում:

• Ձեռնարկվել են միջոցներ համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ամենօրյա գործունեության զարգացման ուղղությամբ:

• 2012 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում շահագործվել է կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը:

• Փախստականի կարգավիճակ ստացած անձանց տրվող կոնվեցիոն ճամփորդական փաստաթղթերը միջազգայնորեն հաստատված չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել է «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:

Վաղը կներկայացվի Օմբուդսմենի տարեկան զեկույցի Դատախազություն/ՀՔԾ բաժինը։