AM
20 Մարտ 2013 - 15:07 AMT

Կանադայի Մարդու իրավունքների պաշտպանության թանգարանում ներկայացվելու են Հայոց ցեղասպանության մասին նյութեր

Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Կանադայի Մարդու իրավունքների թանգարանի տնօրեն Քլինտ Քուրլի, Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանի և գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանի հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարը կարևորել է Զորյան ինստիտուտի տասնամյակների գործունեությունը և ներդրումը Հայոց ցեղասպանութան վերաբերյալ միջազգային հանրությանն իրազեկման գործընթացում: «Շնորհակալ եմ Զորյան ինստիտուտին և այն կառույցներին, որ 100 տարուց ավելի գործում են Սփյուռքում, որովհետև ինչ իրենք անում են, անում են իրենց ժամանակի և հնարավորությունների հաշվին», – ասել է նախարարը:

Նա Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանին շնորհել է «Մովսես Խորենացի» մեդալը, որով նրան պարգևատրել էր Հայաստանի Հանրապետության նախագահը` կարևորելով ինստիտուտի ներդրումը Կանադայում հայապահպանության գործում: Շնորհակալություն հայտնելով գնահատանքի և բարձր պարգևի համար՝ Գրեգ Սարգսյանը նշեց, որ ոչինչ չէր կարող անել, եթե Կանադայի քաղաքացի չլիներ:

«Կանադայի օրենսդրական հավասարությամբ, մտքի և խոսքի ազատությամբ, քաղաքացիությամբ է ճամաչվում մեր պատկանելությունը: Շատ եմ կարևորում Կանադայի արձագանքը ցեղասպանությանը՝ որպես ահռելի չափերի մարդկային ոչնչացում: Մեզ համար կարևոր է, որ մենք՝ որպես ժողովուրդ, միայն մեր ցավը չենք տեսնում: Ցեղասպանության ճանաչումը մարդու իրավունքների դեմ գործած հանցանքների դատապարտում է: Սփյուռքը շատ թելերով է կապված Հայաստանին` գիտական, մշակութային և այլն: Մենք ընտրել ենք՝ որն է այն խոշոր խթանիչ ուժը, որ սահմանում է մեր ինքնությունը, որն է ցեղասպանության ազդեցությունը և Հայաստանի ազդեցությունը մեր գոյության վրա»,- ասել է նա:

Կանադայի Մարդու իրավունքների պաշտպանության թանգարանի տնօրեն Քլինտ Քուրլը նշել է, որ թանգարանում բացվելու է ցեղասպանության բաժին, որտեղ տեղ են գտնելու նյութեր 5 ցեղասպանությունների, այդ թվում՝ Հոլոքոստի, Հյուսիսային Ամերիկայի էթնիկ հնդկացիների և Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «30 տարի առաջ Կանադայում չգիտեին Հայաստանի և ցեղասպանության մասին: «Զորյան» ինստիտուտը փոխեց Կանադայի մոտեցումը: Նրանք կրթում են կանադական հասարակությանը ոչ միայն Հայոց ցեղասպանության ուղղությամբ: Մեր կառավարության կողմից Ցեղասպանության ճանաչման մեջ մեծ է Զորյան ինստիտուտի դերը: Նրանք դրեցին այն կարևոր հիմքը, որի վրա շարունակվում են ցեղասպանության և մարդու իրավունքների մասին շատ կարևոր քննարկումներ, ինչի համար էլ շնորհակալություն Ձեզ և Հայաստանին»,- հավելել է Մարդու իրավունքների պաշտպանության թանգարանի տնօրենը:

Կանադայի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 23-ին Քվեբեկի խորհրդարանականների խմբի ներկայացմամբ Ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել: Իսկ արդեն 2004 թվականին Կանադայի խորհրդարանի հանրային պալատը ճանաչել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը:

«Զորյան» ինստիտուտի կատարած գիտակրթական աշխատանքները, բազմազան հրատարակությունները վկայում են Ինստիտուտի մեծ ներուժի մասին: Ինստիտուտը հսկայական ջանքեր է գործադրում ցեղասպանության և մարդու իրավունքների ճանաչման գործում գիտնականների նոր սերունդ պատրաստելու համար: