Մարտի 19-ին տեղի ունեցավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հանդիպումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորանշանակ նախագահ Էդ Ռոյսի հետ: Շնորհավորելով Էդ Ռոյսին Կոնգրեսի այս առաջատար հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Մարգարյանը շնորհակալություն հայտնեց կոնգրեսական Ռոյսին Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին քաղաքական և տնտեսական աջակցություն ապահովելու ուղղությամբ նրա գործադրած ջանքերի համար:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Կոնգրեսական Ռոյսը հավաստիացրեց, որ նա պահպանելու է իր սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին և հայ ժողովրդին հուզող հարցերում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:





