AM
22 Մարտ 2013 - 07:05 AMT

ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խումբը ՀՀ ոստիկանությունում էր

Ոստիկանությունում տեղի է ունեցել հանդիպում ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակության հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրել է հանդիպման մասնակից ոստիկանության ներկայացուցիչներին ու հավաստել հայկական կողմի պատրաստակամությունը՝ հանգամանալից և առարկայական քննարկում ծավալելու պատվիրակությանը հետաքրքրող բոլոր հարցերի շուրջ:

ԵԽ նախարարների կոմիտեի պատվիրակության ղեկավար Ուրսուլա Գաշեկը նշել է, որ իրենց առավելապես հետաքրքրում է ոստիկանության գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը և այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը:

Արթուր Օսիկյանը ներկայացրել է իրականացված բարեփոխումների ուղղությունները՝ անդրադառնալով ԵԱՀԿ ակտիվ աջակցությամբ համայնքային ոստիկանության ձևավորման ընթացքին, ոստիկանությունում քաղծառայության համակարգի ներդրմանը, հասարակական կարգի պահպանության բնագավառում իրականացված կառուցվածքային փոփոխություններին, ոստիկանության գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ուժեղացմանը և այլն: Նշվել է, որ բարեփոխումները շարունակական բնույթ են կրում, և այդ նպատակով ոստիկանությունում գործում է հատուկ ստորաբաժանում: