ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին այցելել է ԼՂՀ ոստիկանություն և համակարգի աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Կամո Աղաջանյանին:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել ոստիկանության նախկին պետ Ռոբերտ Շաֆերյանի ներդրումն ու ավանդը համակարգի կայացման ու զարգացման գործում և երախտագիտություն հայտնել նրան երկարամյա ծառայության համար: Նախագահը նշել է, որ Ռոբերտ Շաֆերյանը, ստանձնելով ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը, այսուհետ էլ կօգտագործի իր հարուստ փորձն ու գիտելիքները հայրենիքի զորացման գործում:
Ներկայացնելով Կամո Աղաջանյանին` երկրի ղեկավարը նշել է, որ նրա աշխատանքային փորձը և մարդկային արժանիքները թույլ կտան նորանշանակ ոստիկանապետին պահպանել գերատեսչության ավանդույթները և նրա աշխատանքը դարձնել էլ ավելի արդյունավետ:





