AM
28 Մարտ 2013 - 08:50 AMT

Ոստիկանությունը որևէ մեկի հանդեպ «շռայլ չի գտնվել». Ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ»-ի գործարքի մանրամասները

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ՀՀ ոստիկանությունը «աննախադեպ շռայլ է գտնվել»՝ «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տարածք հատկացնելով: Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2011 թվականի հունիսի 13-ին կնքվել է «ՀՀ ԿԱ Ո ՃՈ-ԱՊԾՁԲ-11/02» պայմանագիրը, և ըստ այդմ՝ կողմերը կատարում են օրենքով նախատեսված պարտավորությունները:

«Տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելն ամենևին չի նշանակում սեփականության իրավունքով հատկացում, այլ ընդամենը տարածքը տրամադրվում է որոշակի ժամանակահատվածով օգտագործելու, այն է՝ վերը նշված պայմանագրով նախատեսված սարքավորումների (որոնք ևս տեղադրման պահից հանձվում են ոստիկանությանը և հանդիսանում են պետական սեփականություն) տեղադրման և շահագործման համար:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վարչական իրավախախտումների գործերով նշանակված տուգանքների գանձված գումարների 70 %-ը «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շահույթը չի, այլ դրանով վճարվում է պայմանագրով նախատեսված ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման գինը»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ :