Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ կայացավ նախարարության կողմից տրամադրվող սփյուռքագիտական հետազոտությունների դրամաշնորհների շահառուների հավաք-քննարկումը, որին մասնակցում էին գիտնականներ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության, պատմության, գրականության, հնագիտության և ազգագրության ինստիտուտներից, ԵՊՀ-ի Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնից, «Նորավանք» ԳՀԿ-ից և ԵՊՄՀ-ից:
Մասնակիցները ներկայացրեցին 2012թ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից տրամադրված գիտական և գիտակրթական գործունեության պայմանագրային ֆինանսավորմամբ իենց կատարած թեմատիկ ուսումնասիրությունները, ամփոփվեցին կատարված աշխատանքների արդյունքները: 2012թ ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով կատարվել է սփյուռքագիտական 9 հետազոտություն: Այնուհետև քննարկվեց 2013թ կատարվող հետազոտությունների ընթացքը, ուսումնասիրություններին աջակցության և արդյունավետ իրականացման հետագա քայլերը: Ցեղասպանության վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերի ուսումնասիրությունը կկատարվի նաև Կանադայի Զորյան ինստիտուտի աջակցությամբ: Սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ նախատեսվում է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2013թ հուլիսին Երևանում անցկացվելիք Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովին հրավիրել Ցեղասպանության հարցերով դատական վեճեր քննող դատավորներին: Կարևորվեց Վատիկանի արխիվների ուսումնասիրման հնարավորությունը:
Պայմանավորվածություն ձեռք բերելով գիտական հետազոտությունների կատարման ընթացքի վերաբերյալ հետագա թեմատիկ քննարկումներ իրականացնել՝ նշվեց, որ մինչև մայիսի 20-ը կկայանա 2012թ ՀՀ սփյուռքի նախարարության դրամաշնորհներով հրատարակված սփյուռքագիտական հետազոտությունների շնորհանդեսը:





