Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի համար 52 հիմնական դպրոց, որտեղ եվրոպական GOSPEL ծրագրով կառուցվում է երեք մարզադաշտերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Համաձայն նախագծի` բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը նախատեսված է նաև հաշմանդամություն ունեցեղ մարդկանց համար։
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գործող համար 52 դպրոցի բակում մարզահրապարակի կառուցումը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող առաջին ծրագիրն է։
«Սա ներդրումային ծրագիր է, որն իրականացնում ենք Մարսել քաղաքի հետ համագործակցելով: Ծրագրի իրականացման արդյունքում, Շենգավիթ վարչական շրջանում, կունենանք սպորտային խաղահրապարակ, որից կօգտվեն ոչ միայն դպրոց հաճախող աշակերտները, այլև հարակից բակերի երեխաները»,– նշել է քաղաքապետը դպրոցի աշխատակազմի և թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Մարզահրապարակի շինարարությունը նախատեսված է ավարտել մինչև մայիսի 1–ը։





