AM
11 Ապրիլ 2013 - 12:59 AMT

Նախագահի նախկին թեկնածուներից մեկն ակտիվ համագործակցում է կրոնական կառույցների հետ

ՀՀ նախագահի նախկին թեկնածուներից մեկն ակտիվորեն համագործակցում է կրոնական կառույցների հետ, և նրա անունը կհրապարակվի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը: Նա հրաժարվել է հիմա հրապարակել անունը, որովհետև, իր խոսքով, այն կհրապարակի այն ժամանակ, երբ քաղաքական իրավիճակը հանգիստ լինի: «Այն, որ քաղաքական ուժերը համագործակցում են և բանակցություններ են վարում նման կառույցների հետ, հաստատ է: Աղանդավորները փորձում են ներխուժել նաև ԱԺ և Կառավարություն: Դա միշտ է եղել և ոչ միայն Հայաստանում: Նմանատիպ կառույցներն ակտիվ մասնակցել են բոլոր երկրների հեղափոխություններին»,- ասել է Ա.Ամարյանը:

Նա նշել է, որ կրոնական տարբեր կառույցներ նաև հողերի տիրանալու նպատակով գյուղացիներին վարկ են տրամադրում, հետո այն չմարած գյուղացիներից փոխարենը հողն են վերցնում: Ու եթե այդպես շարունակվի, աղանդավորները կարող են հողերի տիրանալ, իսկ բոլոր նման կառույցները ձգտում են փողի և իշխանության։

Ա. Ամառյանի խոսքով` վերջին 2 շաբաթվա ընթացքում իրենց կենտրոնն ուսումնասիրել է մի շարք բարեգործական ծրագրեր, որոնց մեջ նկատվել են բազմաթիվ կրոնական կառույցների կողմից իրականացվող ծրագրեր: Օրինակ, բարեգործական բեռ է գալիս Հայաստան, ՀՀ կառավարությունն այն ազատում է հարկերից, սակայն ժողովրդին բաժանելու փոխարեն այն վաճառում են ժողովրդին, օրինակ` «Second hand» հագուստը, ու այդ գումարներն անցնում են աղանդներին: