AM
19 Ապրիլ 2013 - 11:58 AMT

Հրաչյա Պետրոսյան. Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը փոքր-ինչ բարձր է

Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը սովորականից փոքր-ինչ բարձր է, բայց դա չի նշանակում, որ սեյսմիկ ակտիվության նոր փուլ է սկսվել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը: Նա նշել է, որ Իրանում տեղի ունեցած վերջին 3 երկրաշարժերից բացի վերջին շրջանում երկրաշարժեր են լինում նաև Պակիստանում և Վրաստանում, բայց Հայաստանում սեյսմիկ ակտիվությունը սովորականից ավելի բարձր չէ: «Իսկ ապրիլի 18-ին հանրապետությունում գրանցված երկրաշարժը Իրանի Ահար քաղաքի մոտ տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումներն էին և դա բնական է, քանի որ ուժեղ երկրաշարժից հետո հետցնցումները կարող են տևել մեկ տարուց ավելի», – ասել է նա:

Այնուամենայնիվ Հրաչյա Պետրոսյանը նշել է, որ Երևան քաղաքին սպառնացող սեյսմիկ ամենաուժեղ օջախը գտնվում է Գառնիում, կա մեկ այլ օջախ Փարաքարում, որն ավելի ցածր սեյսմիկ ներուժ ունի, և այնտեղ առավելագույնը եղել են 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժեր։ ԱԻՆ Սեյսմիկ ծառայության շենքերի և շինությունների սեյսմակայունության կենտրոնի բաժնի պետ Գուրգեն Նամալյանն էլ վստահեցնում է, որ մինչև 5 բալ երկրաշարժերի դեպքում պետք չէ խուճապի մատնվել: Բայց եթե դուք չեք ապրում շենքում, որը մինչ այդ ունեցել է վնասվածքեր, ձևախախտումներ, ճաքեր: Այս դեպքում էլ հնարավոր է ճաքերի թույլ զարգացում տեղի ունենա, սակայն փլուզումներ կամ մարդկային զոհեր չեն կարող լինել: Գուրգեն Նամալյանի խոսքով՝ Երևանում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը վտանգավոր չէ, իսկ 8 բալի դեպքում շենքերի զգալի մասը չի դիմանա: Դրանք կառուցվել են 50 տարի առաջ և զգալի ֆիզիկական մաշվածություն ունեն: Ակնհայտ է որ զանգվածային փլուզումներից խուսափել հնարավոր չի լինի: Անցյալից պետք է դասեր քաղել ու սեյսմիկ պաշտպանությունն ընդգրկել ազգային անվտանգության կարևոր հարցերի շարքում։ «Իշխանությանը պետք է զգոն պահել, քանի որ Հայաստանում բնական աղետների 94%-ը բաժին է ընկնում երկրաշարժերին: Այդ շենքերը պետք է ապամոնտաժվեն և նորերը կառուցվեն», – ասել է Գ.Նամալյանն ու նշեց` քանի որ տնտեսությունն այդ հնարավորությունը չունի, իրենք ծրագրեր ենք մշակել։ «Երևանում 111 սերիայի կարկասային շենքեր ունենք, որոնք բնակֆոնդի 13%-ն են կազմում: Դրանք 9 հարկանի շենքեր են։ Մենք Կառավարությանն առաջարկում ենք բարձրացնել սեյսմազինվածությունը: Շենքերի վերևի մի քանի հարկերին պետք է տրամադրել դինամիկական մարիչներ. երկրաշարժի ժամանակ այն հակաֆազի մեջ է մտնում երկրաշարժի տատանումների հետ և նպաստում դրանց մարելուն»: Դինամիկական մարիչներն էլ էժան չեն` կախված շենքի չափերից՝ 50.000 – 200 000 դրամ արժեն: