ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը, ով մահափորձից հետո գտնվում է Եվրոպայում` բուժվելու նպատակով, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մեծ Եղենին նվիրված երեկվա միջոցառումներին ու հնչած գնահատականներին:
«Հայտնի պատճառով այս տարի տարածական հեռավորությունից (Արևմտեան Եվրոպայում եմ) էի ետևում Ապրիլի 24-ի հետ կապված միջոցառումներին, դրևորումերին ու տրվող գնահատականներին։ Տարբեր հեռուստաալիքներ բավական լավ էին նախապատրաստել պատմա-վավերագրական նյութերը։ Սակայն պատշաճ ընդհանրացումները քիչ էին. օրինակ՝ երբ դու չես շեշտում, որ սպանված և տարագրված հայերը կազմում էին Թուրքիայի ներկայիս տարածքի բնակչութեան մոտ մեկ քառորդը, իսկ դա երևույթ է, բայց երբ գոռում ես (նաև երգում) 1.5 միլիոնի մասին՝ այսօրվա Թուրքիայի 80 մլն բնակչության պարագայում, կարծում եմ, նվազ ազդեցիկ է։
Մեր եզրութաբանները, կարծես, մի փոքր շտապել են ԳԵՆՈՑԻԴ բառը ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ եզրով ներկայացնելով։ Բարեբախտաբար դա միայն որպես եզրույթ է ընկալվում և միայն հայերենի նրբությունները խորապես զգացողները կհասկանան թե ինչ նկատի ունեմ։ 15 -23 թթ. ամերիկյան մի ցեղ չի հետապնդվել, այլ կայացած՝ պետականությունը վերականգնելու նախաշեմին կանգնած մի ազգ։ Գաղափարս այլ առիթով մինչև վերջ կբացեմ։ Բանաստեղծական ընկալումը (Դանիել Վարուժան՝ «ՑԵՂԻ Ն ՍԻՐՏԸ ») միշտ չէ որ պատշաճում է քաղաքագիտականին։
(Մի քանի անգամ հնչեց պապիս եղբոր՝ Պոլսի Արդի վարժարանի հիմնադիր-տնօրեն, այդ գիշեր կալանավորված և կալանավայրում սպանված Աբրահամ Հայրիկյանի անուն ազգանունը։ Հարազատ պապս՝ Հովհաննես Հայրիկյանը նույնպես կալանավորվել է, բայց սակավաթիվ փրկուածներից է։)
Որևէ տեղ ոչ մի խոսք չհնչեց այն բանի մասին, որ ոչ պատահականորեն այդ օրվա հետ է կապուած նաև մեր ազգային պայքարի նորագույն փուլի սկզբնավորումը՝ Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) կայացումը` 1966 թ. Ապրիլի 24-ին։ Իսկ ԱՄԿ-ն երկարատև ձախողված փորձերից հետո հայությանը հաջողությունների հասցրած միակ ազգային ազատագրական պայքարի կազմակերպություն չէր միայն։ Եթե կարողանանք ռազմավարական ընդգրկմամբ հետևել պատմական երևույթներին, ապա այն ասպարեզ էր իջել հենց Մեծ Եղեռնի հետևանքները վերացնելու նպատակով և այդ էր պատճառը, որ դեռ տասնամյակներ առաջ Ապրիլի 24-ը ազդարարված էր նաև ԱՄԿ օր՝ Ցեղասպանության հետևանքները վերանելու պայքարի օր։
Ֆեյսբուքյան (դիմագրքային) լուսանկարներից տեսա, որ մի խումբ ԱՄԿ-ԱԻՄ-ականներ երեկ՝ Ապրիլի 24-ին ծաղիկներ են դրել ԱՄԿ հիմնադիր Հայկազ Խաչատրյանի շիրիմին։ Լավ է. ուրեմն ավանդոյթը պահպանվում է»,- գրել է Պարույր Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել: ԱԻՄ առաջնորդը անրակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել:





