AM
25 Ապրիլ 2013 - 07:33 AMT

Վահագն Չախալյան. Սահակաշվիլիի ռեժիմի նպատակն էր հայաթափել Ջավախքը. Չկա մարդ, չի լինի խնդիր

Վրաստանի նոր իշխանությունները ջավախահայերի հարցում ավելի հանդուրժող են, քան Սահակաշվիլիի ռեժիմը: Ջավախահայ քաղաքական գործիչ, նախկին քաղբանտրակյալ Վահագն Չախալյանի խոսքով` նրանց նկատմամբ ճնշումներն ուժային կառույցների և անվտանգության մարմինների կողմից ինչ-որ չափով նվազել են:

«Նոր իշխանություններն ավելի լուրջ մարդիկ են, հասկանում են, որ ջավախահայության խնդիրներին պետք է շտապ լուծում: Սահակաշվիլիի ռեժիմի նպատակն էր հայաթափել Ջավախքը, չկա մարդ, չի լինի խնդիր»,- Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշակոթողի մոտ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ջավախահայ գործիչը: Միևնույն ժամանակ նա նշեց, որ այնքան էլ միամիտ չէ, որ մեծ սպասելիքներ ունենա Վրաստանի նոր իշխանություններից: Վահագն Չախալյանը նկատեց, որ այն չորս ու կես տարիների ընթացքում, որ ինքը բանտում էր, Ջավախքում սարսափելի բաներ են տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ձերբակալվել էր 2008-ի հուլիսի 21-ին։ 2009թ. ապրիլի 7-ին նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով: Այս տարվա հունվարին Վրաստանում տարածված համաներման շրջանակներում դատարանը վերանայեց Վահագն Չախալյանի դատավճիռը և չորս ու կես տարի անց ազատ արձակեց նրան: