AM
25 Ապրիլ 2013 - 07:56 AMT

«Հիշողություններ ֆրոնտից» – Մնացական Գրիգորյան. Տանկը անցավ, գնաց. աչքերս հողի տակ բացեցի

Դեպի պատերազմ. Առաջին օրը, որ ֆրոնտում էի, գերմանացին կրակում էր, մենք՝ թաքնվում

1943 թիվն էր, որ ինձ իմ հորական տնից՝ Աբովյանից, տարան Դիլիջան: 2 ամիս մնացի այնտեղ, պատրաստվեցի, սովորեցի: Մի օր էլ մեզ ոտքով 60 կմ բերեցին մինչև Վանաձոր, Ոզի գյուղը, լցրեցին վագոններն ու քշեցին: Ուր են տանում՝ չգիտենք: 6-րդ օրը եկանք, հասանք Ուկրաինա, Յարոսլավսկի շրջան: 15 օր էլ այնտեղ մնացինք, հակատանկային, դիպուկահար զենքերից կրակել սովորեցրին ու տարան ֆրոնտ: Ինձ տվեցին հակատանկային հրացան, 16 կգ-անոց, հետո՝ 44 թվին, 20 կգ-անոց հակատանկային տվեցին: Դրանով էլ տանկ եմ խփել, Փառքի շքանշան ստացել: Առաջին օրը, որ ֆրոնտում էի, գերմանացին կրակում էր, մենք թաքնվում էինք, առաջին անգամ էր, վախենում էինք, անցավ 4-5 օր, սովորական դաձան կրակոցներն ու կրակելը:

Ռազմաճակատում. Դիմկովս զոհվեց: Ասում էր՝ պատերազմը վերջանա, զորացրվենք, մի լավ քույր ունի, ինձ է տալու

44 թվի փետրվարի վերջ-մարտին մտանք Տալսի քաղաք: Տալսիում հակառակորդի զորքի երեք գոտի կար: Առաջինում ռումինահունգարական զորքն էր, երկրորդում՝ նեմեցը, երրորդում վլասովական՝ ռուս գեներալ Վլասովի զորքը, որ դավաճանել էր, անցել նեմեցի կողմը: Այստեղ մենք 20 օր կռվեցինք ու հենց այստեղ ես վիրավորվեցի: Դրանից մի օր առաջ ընկերս՝ Բորիս Դիմկովը, զոհվեց: Ուկրաինացի էր: Ասում էր, որ պատերազմը վերջանա, զորացրվենք, մի լավ քույր ունի, ինձ էր տալու: Կռվի ժամանակ էր: Կրակը դադարեց, Դիմկովս թե՝ վերջացավ, դուրս ենք գալիս: Ասացի՝ չէ, սպասի. դիպուկահարները: Չլսեց, բարձրացավ ու տեղնուտեղը խփեցին: Արյունը շփվեց ինձ վրա: Նստեցի, լացեցի, լացեցի, ասեցի վաղն էլ ես կզոհվեմ: Ու հենց հաջորդ օրը վիրավորվեցի: Գլխիցս էի վիրավորվել ու դրա պատճառով հիմա էլ գլխարկը միշտ գլխիս է: Ու մարմնիս տարբեր հատվածներում նաև բեկորային վերքեր ունեի:

Վիրավորներն իրենք պետք է ցուցանակների միջոցով ճանապարհը գտնեին ու բուժկետ հասնեին: Ով չէր կարողանում հասնել, բուլդուզերները գալիս էին, հայ, թուրք, վրացի, հողը տալիս էին վրան, գնում: Այսպիսի գերեզմանոցներում շատերը կորան:

Հիշողություններ ռազմադաշտից. Հիշեցի իմ շանը, լացեցի, քոթոթին վերցրեցի, սիրեցի

Ամենաշատ հիշողություններս հենց այդ օրվա հետ են կապված, որովհետև ամենաշատ դեպքերն այդ օրն են պատահել: Այդ օրը միայն 2 անգամ փրկվել եմ: Գիշեր էր, ես վիրավոր քայլում էի դեպի բուժկետ: Ծարավ էի: Սիրտս վառվում էր: Ճանապարհի կողքով գետ էր գնում: Մոտեցա, կռացա, որ խմեմ, Դիմկովիս պես մի ուկրաինացի չգիտեմ որտեղից ծլեց, չթողեց, ասեց որ խմեմ, արյան շրջանառությունս կարագանա, կարյունահոսեմ, կմեռնեմ: «Ֆլակոնից» մի փոքր ջրով դեմքս թրջեց, բուժկետի ճանապարհը ցույց տվեց, ասեց՝ դե գնա:

Գնում էի, մեկ էլ տեսնեմ ճանապարհի եզրին մի շուն է սատկած, ընկած: Ձագերն էլ կողքը: Պուճուր ժամանակ շուն էի պահում: Հիշեցի իրեն, լացեցի, քոթոթին վերցրեցի, սկսեցի սիրել: Երեխի խելք: Մեկ էլ մի ձայն եկավ, ի՜նչ ձայն: Ռումբ էր: Եթե շների մոտ գնացած չլինեի, հաստատ զոհվելու էի:

Բուժկետը գտա, ինձ տեղափոխեցին ռումինական Ֆալեշտ քաղաք: Քոթոթին հետս վերցրի: Մի ամիս, տասն օր կիսատ-պռատ առողջացրին, հետո նորից ուղարկեցին ֆրոնտ:

Մահվան եզրին. Աչքերս հողի տակ բացեցի, ինձ կորցրել էի, չէի հիշում՝ ինչ է կատարվել, ուր եմ, ով եմ

Էլի Տալսի քաղաքում էր: Նեմեցն իրենց ամենաուժեղ «Տիգր» տանկով էր: Կռվի ժամանակ մեկ էլ աչքս թեքեմ, տեսնեմ դրանցից մեկը գալիս է իմ կողմը: Կրակեցի, բայց դրան ոչ մի բանով չես խփի: Արդեն հասնում էր ինձ, պառկեցի, վրայովս անցավ: Ռումինիայում ռելիեֆը լեռնային է, բախտս բերեց, փոսի մեջ էի ընել: Տանկը անցավ, գնաց: Աչքերս հողի տակ բացեցի, ինձ կորցրել էի, չէի հիշում ինչ է կատարվել, ուր եմ, ով եմ: Գիտակցությունս կորցրեցի: Այսպես չգիտեմ ինչքան ժամանակ անցավ, աչքերս բացեմ, տեսնեմ արդեն ցերեկ է, կռիվ, կրակոց չկա, չգիտեմ որտեղ եմ: Վեր կացա, շշմած վիճակով, բախտս բերեց, մերոնց կողմ գնացի: 253-րդ գնդում կռվում էի, ընկա 254-րդ գունդ: Իսկ Տալսին վերցրեցինք 44 թվի ապրիլին:

Հաղթանակին սպասելիս. Մտանք Օսվենցիմ՝ 4 սեկցիաներով ճամբար էր

45 թիվն էր, որ մտանք Օսվենցիմ: Ճամբարը քաղաքից 30 կմ հեռու էր: Այդ տարածքն արգելված գոտի էր՝ ոչ ոք ելումուտ չէր անում: Միայն գերմանացի զինվորականները: 4 սեկցիաներով ճամբար էր. մեկում՝ կանայք, երեքում՝ տղամարդիկ:

Ուսումնասիրեցինք վառարանները՝ մոտ 6 քմ տարածությամբ, վերևը փակ, էլեկտրական լարերով, մի քանի հազար վոլտի տակ: Էշալոնը գալիս էր՝ մոտ 100-200 մարդ, ասում էին՝ մտեք նկուղ, լողացեք, որ գնաք ճամբար: Նկուղը ճամբարից 50 մետր էր հեռու՝ ոչ ավել: Լցնում էին այնտեղ, գազ բաց թողնում: Այրում էին, բայց հոտը չէր տարածվում: Ինչ քիմիական նյութեր էին օգտագործում, չգիտեմ: Ճամբարում փակվածները հետո են իմացել, որ մյուսներին այրել են: Իսկ նրանց հագուստը սարերի պես կույտ-կույտ լցված էր: Կոլխոզում խոտը ոնց է դիզված լինում, այ այդպես: Այրվածների յուղը գալիս, երկու տեղ էր լցվում, նեմեցը հավաքում, ռեակտիվ ինքնաթիռների համար էր օգտագործում՝ մարդու յուղը չի սառում: Իսկ մոխիրը… ջերմոցում եղե՞լ եք, այդպես լցված էր:

Եթե մի ամիս ուշ վերջանար պատերազմը, գերմանացին ատոմն արդեն հնարել էր՝ ամբողջ աշխարհին կտիրեր: Բացակայում էր ուրանը, որը բերում էին ծովով: Դանիացի պարտիզանները խորտակեցին դա ու գերմանացին չկարողացավ ուզածն անել:

Պատերազմից հետո. Ամեն տարի թոռներս ինձ Դուբայ, Աբու Դաբի են տանում

Օսվենցիմում երկու-երեք ամիս մնացինք: Հետո շարժվեցինք դեպի Պրահա, Բուդապեշտ, արդեն 45 թիվն էր, պատերազմը վերջացավ ու մեզ ուղարկեցին նորմալ ծառայության: Մեզ տեղափոխեցին Դնեպրոպետրովսկ՝ Եկատերինա 2-րդի բերդ: Ներքին զորքերն էր: Բերեցին, կարմիր ուսադիրներ տվեցին: 4 տարի էլ այդտեղ ծառայեցի: Հիշում եմ՝ գեներալ Մակարովի տղային գողության համար դատում էին: 46 թիվն էր: Երկու ամիս դատ գնաց: Դատավորն ասեց՝ պարոն գեներալ, Ձեր տղային դատում ենք, ինչ եք ուզում: Գեներալը պատասխանեց՝ դատեք ու ամենամեծ պատիժը տվեք: Եթե այդպես չանեք, ես կնստեցնեմ ձեզ: Ասաց, թողեց ու գնաց: Գողության համար ամենածանր պատիժը չորս տարին էր, այդքան էլ տվեցին: Իսկ հիմա մեզ մոտ քեռի, հորքուրին որ բռնում են, փող են տալիս, ազատում ու վերջ:

Դնեպրոպետրովսկում հրամանատարս Կեվլինն էր: Ջհուդ էր, բայց շատ լավ մարդ էր: Երբ որ Ստալինը հրաման տվեց, որ մենք կարող ենք մեր հայրենիքներում շարունակել ծառայությունը, գնացի, դիմում գրեցի, որ ինձ էլ տեղափոխեն Հայաստան, չթողեց: Ընկերներս ասացին՝ մի լսի, Մոսկվա գրի: Գրեցի: 10 օր հետո Կեվլինի գրագիրն եկավ, ասեց՝ հրամանատարը կանչում է: Սրիկան չթողեց, որ ճամպրուկս գոնե վերցնեմ: Գնացի Կեվլինի մոտ: Գիշերվա ժամը երեքն էր: Ասաց՝ Մոսկվա՞ ես գրել, շան որդի, ասացի՝ հա: Ասաց՝ դե վեր կաց, հենց առաջին գնացքով մեկնում ես, երեք օրից պիտի Թբիլիսի հասնես: Ուտելիք, տոմս, փաստաթղթեր, ամեն ինչ տվեց, ասաց դե գնա: Գրագիրն ինձ տարավ մինչև կայարան, շան պես հսկում էր, չթողեց, որ գնամ, իրերս վերցնեմ: Սպասեց, մինչև գնացքը շարժվեց: Մեդալներս, ամեն ինչս մնաց այնտեղ: Թբիլիսիում հրամանատարս «բոյլուղ», բարի մարդ էր: Խնդրեցի՝ ինձ տեղափոխի Սևան: Այնտեղ գերմանացի ռազմագերիներ կային, ՀԷԿ-ի վրա էին աշխատում: Ուղարկեց: Սևանում հրամանատարս կապիտան էր: Հարցուփորձ արեց, իմացավ, որ մերոնք օղի են քաշում: Ռուս էր, խմող: Ես իրեն օղի էի տանում, ինքը ինձ՝ տուն ուղարկում:

9 տարի եմ ծառայել: Պատերազմից հետո պահել են, որովհետև որ գնացի ֆրոնտ, պուճուր էի, 17 տարեկան: Ու մինչև ծառայության իսկական տարիքս լրանալը ծառայել եմ: Զորացրվելուց հետո ուզում էի գնալ Լենինգրադ՝ սովորելու, բայց մերոնք չթողեցին: Ասացին՝ 9 տարի գնացել ես, հիմա նորից ես ուզում մեզ թողնես, գնաս: Չգնացի: Ներքին գործերի նախարարությունում, հետո՝ Կենտկոմում եմ աշխատել: Արդեն 17-րդ տարին է Քանաքեռ-Զեյթուն համայնքի պատերազմի, աշխատանքի, ԶՈւ և իրավապահ մարմինների վետերանների խորհրդի նախագահն եմ:

26 թոռ ու ծոռ ունեմ: Այսօրվա դրությամբ մենակ եմ ապրում: Կինս վեց տարի առաջ մահացավ: Տարին մի քանի անգամ երեխաներս, թոռներս գալիս են, կամ ինձ են իրենց մոտ կանչում: Ամեն տարի թոռներս Դուբայ, Աբու Դաբի են տանում՝ հանգստանալու: