AM
25 Ապրիլ 2013 - 08:50 AMT

Բուզանդի փողոցի նախկին բնակչի բաց նամակը` ավագանու թեկնածուներին. Շատ ընտանիքներ զրկված են իրենց օջախից

Երևանի Բուզանդի 11 հասցեի նախկին բնակիչ Սաթենիկ Դավթյանը բաց նամակ է գրել Երևան քաղաքի ավագանու և քաղաքապետի բոլոր թեկնածուներին:

Նամակում, մասնավորապես ասված է.

«Հարգարժան թեկնածուներ

Ձեզանից յուրաքանչյուրը ձգտում է առաջինը լինել այս մրցավազքում: Տալիս եք խոստումներ, պատրաստ եք ամեն կերպ համոզել մարդկանց իրենց ձայները ձեզ տալու: Սակայն ցավով պետք է նշեմ, որ ոչ Տարոն Մարգարյանի, ոչ էլ մյուսների կողմից լրջորեն չխոսվեց իսկական Երևանցու արժանապատվության մասին:

Խոսքս վերաբերվում է 2004-2005թթ Երևանի Կենտրոնի բնակիչների և իսկական Երևանցիների պետական մակարդակով տեղահանմանը: Մարդկանց պարզապես անփող, անտուն «Գերակա շահ» անվան տակ դուրս շպրտեցին իրենց տներից: Դրանք Երևանցիներ էին, որոնք կես դարից ավել պատմություն ունեին այդտեղ, երբ բազմաթիվ պետական այրեր Երևան քաղաքի մասին նկարներով էին միայն տեղյակ:

Պայքարելով սեփական կառավարության դեմ` այդ ընտանիքները հասան մինչև Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան, սակայն չստացան դրական լուծում, որովհետև այդտեղ էլ գործեց բարձրաստիճանավորների կոռուպցիան: Մարդու իրավունքն էլ վաճառվեց:

Այսօր Կենտրոնի շատ ընտանիքներ զրկված են իրենց օջախից, փողից, գրանցումից, առողջությունից և, ամենակարևորը, կորցրել են հավատը հայրենի երկրի հանդեպ: Պատկերացրեք մի պահ, որ դուք եք այդ վիճակում, ի՞նչ կանեիք:

Այդ մարդիկ ապրում են Երևանում` առանց գրանցման, առանց բարոյական և նյութական աջակցման, առանց ընտրելու իրավունքի, ապրում են անորոշության մեջ և տխուր հիշողություններով:

Լավ կլիներ, որ դուք բոլորդ, հարգելի թեկնածուներ, լուրջ մտածեիք այն իսկական Երևանցիների մասին, ովքեր զոհեր դարձան մի քանի հոգու գրպանի հարստացման համար, իսկ կատարողները շատ լավ մարսեցին և շարունակում են մարսել:

Մտածեք մարդկանց, այլ ոչ թե իրերի մասին: Վերադարձրեք նրանց հավատը մարդկանց ու գալիք բարեկեցիկ ապագայի հանդեպ՝ վերադարձնելով նրանցից խլածը կամ գոնե համարժեք փոխատուցում տալով:

Կարո՞ղ ենք հուսալ, որ ձեր ընտրվելուց հետո, դուք այնքան արդարամիտ և ուժեղ կգտնվեք, չեք վախենա ձեր պաշտոնը կորցնելուց և ոմանց ոտքը տրորելուց, և ձեռք կմեկնեք այդ ընտանիքներին»: