Գերմանացի պատմաբանները, քաղաքագետները ընդունում են, որ 1915-ին հայերի դեմ կատարվածը ցեղասպանություն է, բայց բարձրախոսի առաջ լռում են այդ մասին: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Բեռլինի «Կոնտակտե» կազմակերպության հիմնադիր ղեկավար Էբերհարդ Ռադչուվայթը, ով զբաղվում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործով: «Գերմանացիները ցեղասպանություն ասելով հասկանում են միայն հրեաների դեմ կատարվածը: Ես ամաչում եմ, որ Բունդեսթագը չի բարձրաձայնում Հայոց ցեղասպանության մասին»,- ասաց նա:
Էբերհարդ Ռադչուվայթն նկատեց, որ Բեռլինում ապրում է մոտ 200 հազար թուրք, և նրանցից ոմանք աշխատում են Գերմանիայի խորհրդարանում: Գերմանիան ունի իր սեփական շահերն, իսկ Թուրքիան հզոր երկիր է, և պետք է հաշվի առնել երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները:
Ինչ վերաբերում է հենց Թուրքիային, ապա ըստ Էբերհարդ Ռադչուվայթի, քանի դեռ թուրքական կառավարությունը բանտ է նետում նրանց, ովքեր խոսում են Հայոց ցեղասպանության մասին, դժվար թե ներողություն խնդրի հայերից:
Նա նաև նշեց, որ երեկ եղել է Ծիծեռնակաբերդում, և այն, ինչ կատարվում էր այնտեղ, մեծ տպավորություն է գործել իր վրա: «Բեռլին վերադառնալուն պես կխնդրեմ գերմանացի պատմաբաններին` ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայոց ցեղասպանության խնդրին, իսկ Գերմանիայում ապրող թուրքերին կհամոզեմ արտասանել «ներողություն» բառը»,- ասաց Էբերհարդ Ռադչուվայթը:





