AM
25 Ապրիլ 2013 - 09:56 AMT

Ավագանու ՀԱԿ թեկնածու. ՀՀԿ-ն քաղաքը վերազավթելու ճանապարհին չի հրաժարվի ոչ մի մեթոդից

Իշխող ռեժիմն իր թիրախում է պահում ՀԱԿ-ին, իսկ դրա վառ ապացույցը վերջերս ՀԱԿ-ի համակիրների վրա հարձակումներն էին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց Երևանի ավագանու ՀԱԿ թեկնածու, ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը և ավելացրեց. «Հարձակվողներն այն քրեական տարրերն են, որոնք ՀՀԿ-ի ստորին օղակներում են»:

Ինչ վերաբերում է ավագանու ընտրություններին, ապա, ըստ ՀԱԿ մամուլի խոսնակի, իշխող կուսակցությունը սկսել է ընտրությունները կեղծելու գործընթացը: «Ցուցակային աճպարարությունները սկսել են: ՀՀԿ-ն քաղաքը վերազավթելու ճանապարհին չի հրաժարվի ոչ մի մեթոդից»,- ասաց Արման Մուսինյանը և ավելացրեց, որ ՀՀԿ թեկնածուի` Տարոն Մարգարյանի հայտարարագրի վրա ևս պետք է ուշադրություն դարձնել: 6-7 մլն դոլարի ունեցվածք է հայտարարագրել, որի բացատրությունն առ այսօր չի տրվել: Նա չի ծառայել զինված ուժերում:

ՀԱԿ մամուլի խոսնակը կարծում է, որ ՀՀԿ-ի նկատմամբ կա տոտալ ատելություն: Հասարակությունը պատրաստ է իր ձայնը տալ ոչ իշխանական ուժին. «Չնայած կա նաև անտարբերություն մի մասի շրջանում, բայց կամաց-կամաց այդ վիճակը հաղթահարվում է»:

Անդրադառնալով իրենց քարոզարշավին, Արման Մուսինյանն ասաց, որ ՀԱԿ-ը որևէ քննադատական խոսք չի ուղղել ոչ մի կուսակցության, բացի ՀՀԿ-ից: Իսկ շեշտը դրել են դռնեդուռ այցելությունների վրա։ «Հազարից ավելի մարդիկ ենք հայտնաբերել, որ փետրվարի 18-ի դրությամբ հաշվառված են եղել մարզերում, բայց հիմա հաշվառված են Երևանում»,- ասաց նա: Արման Մուսինյանը վստահ է, որ մանդատները վերցնելով կարող են լուծել շատ իրավական խնդիրներ. «Մայիսի 5-ից ՀՀԿ-ն քաղաքապետ չի ունենալու»: