Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին, խմբի անդամներ Էվալդ Շտադլերին, Կիրիակոս Տրիանտաֆիլիդեսին, Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Վալերի Բուայեին, Գի Տեսսիեին և Լյովենի համալսարանի պատվավոր ռեկտոր, հայտնի հայագետ Բերնար Կուլիին, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը :
ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց եվրոպացի հյուրերին այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելու և 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդում հարգելու համար: «Դրանով դուք կրկին վերահաստատում եք ձեր հավատարմությունը համամարդկային բարձր արժեքներին և զորակցությունը Հայաստանի ջանքերին ՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային լիարժեք ճանաչմանն ու դատապարտմանը»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Բարեկամության խմբի անդամ Էվալդ Շտադլերը նկատեց, որ Եվրոպան բարոյական պարտավորություն ունի հայ ժողովրդի նկատմամբ՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Լեռնային Ղարաբաղում : Կիրիակոս Տրիանտաֆիլիդեսը ևս նշեց, որ Եվրոպան պետք է համերաշխություն հայտնի Հայաստանին ցեղասպանության ճանաչման պայքարում, նաև՝ աջակցի ԼՂ հակամարտության կարգավորման, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակման վերացման հարցում: Հույն պատգամավորը նշեց, որ իրենք Կիպրոսի օրինակով գիտեն՝ ինչքան դժվար է Թուրքիային համոզել ճանաչել սեփական անցյալը: Վալերի Բուայեի կարծիքով՝ պետք է լսելի դարձնել մարդու իրավունքների խախտման փաստերը ինչպես անցյալում՝ ցեղասպանության ժամանակ, այնպես էլ հիմա՝ Լեռնային Ղարաբաղում, նաև՝ հասանելի դարձնել Հայաստանի և Արցախի հարուստ մշակութային, պատմական հարստությունները:
Հանդիպման օրակարգում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների զարգացումն էր՝ համագործակցության նոր ձևաչափն ու հեռանկարները : Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ հունվարի 9-ից Եվրախորհրդարանում գործող ԵՄ-Հայաստան բարեկամության խումբը նոր որակ կհաղորդի համագործակցությանը՝ դարձնելով այն առավել արդյունավետ : Խորհրդարանի ղեկավարի գնահատմամբ՝ օրենսդիր և գործադիր կառույցների միջև փոխգործակցության լավ նախադրյալների մասին են վկայում վերջին երեք տարիներին հարաբերությունների զարգացման դինամիկան : ԱԺ նախագահը պատրաստամակություն հայտնեց աջակցել խմբի բոլոր նախաձեռնություններին ու համագործակցության բոլոր ձևաչափերին: Բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը նշեց Եվրախորհրդարանի և Հայաստանի խորհրդարանի միջև հարաբերություններն էլ ավելի խորացնելու անհրաժետությունը՝ ինչը ԵՄ-ին Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցելու ավելի մեծ հնարավորություն կընձեռի: Եվրախորհրդարանում ստեղծված բարեկամության խումբը, պատգամավորի համոզմամբ, կակտիվացնի ու կհամախմբի ջանքերն այս ուղղությամբ :
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքը, մասնավորապես եզրափակիչ փուլը , ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման հարցը: Հովիկ Աբրահամյանը փոխանցեց խորհրդարանի պատրաստակամությունը Ասոցացման համաձայնագիրը վավերացնելու, ինչպես նաև դրանից բխող քայլերը կատարելու՝ Հայաստանի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցում :
ԱԺ նախագահը Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրեց իշխանությունների դիրքորոշումները ղարաբաղյան խնդրի կարգավորման և հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ : ԱԺ նախագահը վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում խնդիրը կարգավորելու և ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման երեք սկզբունքներով առաջնորդվելու Հայաստանի պատրաստակամությունը :
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:





