ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում և Երևանի ֆիզմաթ դպրոցում անցկացվեց դպրոցականների աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ` հանրապետական, փուլը:
Ընդհանուր առմամբ մասնակցում էր 41 աշակերտ Երևանից, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերից, այդ թվում` 2010-2012 թթ. միջազգային աստղագիտական օլիմպիադաների մրցանակակիրներ Գևորգ Մարտիրոսյանը, Արսեն Վասիլյանը, Վարդգես Մամբրեյանը, Վահան Ասլանյանը, Կարեն Համբարձումյանը և Սիրանուշ Բաբախանովան:
Օլիմպիադային առաջադրված էր 5 խնդիր երկնային մեխանիկայից, աստղաչափությունից և ճառագայթման տեսությունից: Լավագույն արդյունքներ ցույց տվեցին Երևանի ֆիզմաթ դպրոցի (ՖՄԴ), Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) հենակետային վարժարանի և «Քվանտ» վարժարանի սաները: Առաջին կարգի դիպլոմի արժանացան Վահան Ասլանյանը (ՖՄԴ), Վարդգես Մամբրեյանը (ՖՄԴ), Գևորգ Մարտիրոսյանը (ՖՄԴ) և Արսեն Վասիլյանը (ՀՊՃՀ), II կարգի` Կարեն Համբարձումյանը (ՖՄԴ), III կարգի` Սիրանուշ Բաբախանովան (ՖՄԴ), Էդուարդ Գրիգորյանը («Քվանտ»), Հրաչյա Դավթյանը (ՀՊՃՀ) և Հայկ Սողոմոնյանը (ՖՄԴ), իսկ գովասանագրերի` Հրաչյա Բաբուջյանը (ՖՄԴ), Հրանտ Թոփչյանը (ՖՄԴ), Դավիթ Խեչոյանը («Քվանտ»), Արա Մամբրեյանը (ՖՄԴ) և Աստղիկ Ցոկոլակյանը (ՀՊՃՀ):
Հայկական աստղագիտական ընկերությունից հայտնում են, որ օլիմպիադան միաժամանակ ընտրական փուլ էր աստղագիտության միջազգային օլիմպիադայի համար, որն այս տարի աշնանը կկայանա Լիտվայում:
Հիշեցնենք, որ հայ պատանիները գերազանց ավանդույթներ ունեն միջազգային օլիմպիադաներում՝ ընդհանուր առմամբ նվաճելով 8 ոսկե, 5 արծաթե և 14 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկով հանդիսանալով լավագույն հավաքականներից մեկը օլիմպիադաների 17-ամյա պատմության ընթացքում:





