AM
26 Ապրիլ 2013 - 11:01 AMT

Մարքսիստ. Ծաղիկ ցանենք, ծաղիկ ջրենք. Քաղաքապետարանը պետք է զբաղվի քաղաքաշինությամբ, ոչ թե կոսմետիկայով

Երևանի ավագանու ընտրություններն արհամարհված են հասարակության կողմից, կարծում է երկրի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը նշեց, որ դրանց մասնակցող ուժերը չգիտեն քաղաքապետարանի դերն ու նշանակությունը: «Ծաղիկ ցանենք, ծաղիկ ջրենք: Քաղաքապետարանը պետք է զբաղվի քաղաքաշինությամբ, ոչ թե քաղաքի կոսմետիկայով: Քաղաքի ողջ բնակֆոնդն ավերված է»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններին, Դավիթ Հակոբյանը հայտարարեց, որ կապիտալիստներն ավելի խոհեմ են լինում, քան նրանց քաղաքական սպասավորները: «Գագիկ Ծառուկյանը երբեք սուր չի բարձրացնի իր արքունիքի վրա: Առանց Ծառուկյանի՝ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում հաղթանակ չէր տանի: Բայց առյուծն ինչքան էլ ընտելացված լինի, մեկ հարվածը կարող է վտանգավոր լինել, այսինքն, եթե ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն, դա կործանարար կլինի իշխանության համար: ՀՀԿ-ի մաքուր վերարտադրվելու համար առաջին նախապայմանը երկու ֆավորիտ կուսակցությունների լոյալությունն է իրար նկատմամբ, իսկ կեղտոտ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում երկուսն էլ տանուլ կտան»,- ասաց մարքսիստն ու ավելացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանն այս անգամ չի գնա նման տեխնոլոգիաների կիրառման:

Ըստ Դավիթ Հակոբյանի` իշխանության առաջ դրված է երեք խնդիր`սկզբունքորեն նոր պետական մեքենայի և տնտեսական քաղաքականության ձևավորման անհրաժեշտություն, սկզբունքորեն նոր դիվանագիտական դոկտրինայի մշակում՝ արդիկական մարտահրավերներին դիմակայելու համար և նոր կուսակցական ռեֆորմի իրականացումն է:

Ինչ վերաբերում է վարչապետի ու քաղաքապետի հարցին ու նրանց դերակատարությանը, ապա, ըստ Դավիթ Հակոբյանի, տնտեսական ոլորտի հիմնական ռազմավարը երկրի նախագահն է, վարչապետը և քաղաքապետը կատարողներն են: