AM
26 Ապրիլ 2013 - 11:26 AMT

Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցների մի մասը գործադուլ է անում, մյուս մասն աշխատում է

Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցների մի մասը գործադուլ է անում, մյուս մասն աշխատում է: Այսօր վաճառողները որոշել էին չբացել կրպակները ու չաշխատել, քանի որ առևտուր չկա, իսկ տեղի համար իրենք վճարում են այնքան, որքան վճարում էին նախկինում: Տոնավաճառի փոխտնօրեն Սամվել Ավետիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վարձավճարների վերանայման հարցը կքննարկվի, մինչ այդ իրենք խնդրել են վաճառողներին աշխատել: Սամվել Ավետիսյանն ասաց, որ հարցը կառավարությունում բարձրացնելու մասին խոսակցություն չի եղել, ինչպես պնդում են վաճառողները, պարզապես նրանց ասել են, որ վաղը կամ մյուս օրը կհայտնեն իրենց որոշման մասին:

Գործադուլի ժամանակ տոնավաճառում նաև ՊԵԿ աշխատակից է եղել, ինչը վաճառողներին առիթ է տվել ենթադրելու, որ բանակցությունները տարվում են նաև ՊԵԿ-ի հետ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՊԵԿ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Նելլի Մանուչարյանն ասաց, որ դա պատահականություն է եղել և ՊԵԿ-ն այնտեղ որևէ գործառույթ չունի. «Դա ներքին հարց է»:

Սամվել Ավետիսյանն ասաց, որ իրենց հորդորից հետո աշխատակիցների մի մասը որոշել է շարունակել գործը, իսկ մյուսները հրաժարվել են: