Համակարգի ներսում պայքար մղելը միամտություն է, իսկ Հայաստանը զավթված է բառի բուն իմաստով: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
«Մենք ապրում ենք նոր գաղութարարական ժամանակներում: Պայքար մղող քաղաքական դասը պետք է գիտակցի, որ իր հակառակորդը «Բաղրամյան 26»-ը չէ: Այն վաղուց խամաճիկ է դարձել տարբեր գերտերությունների ձեռքին: Եթե մենք դա չգիտակցենք, չենք հասնի արդյունքների»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Նա նշեց, որ իրենք պարբերաբար կոչ էին անում ընդդիմադիր ուժերին դուրս գալ գաղութային համակարգի այդ դաշտից:
«Վերջին մի քանի ամիսներին մեզ չհաջողվեց համոզել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նա հստակ գործողությունների ծրագիր ընդունի` բողոքի ալիքը առաջնորդող խմբերով ղեկավարելու համար: Ժողովրդի դժգոհության աննախադեպ ալիքի պայմաններում կարելի էր կյանքի կոչել այդ բոլոր փոփոխությունները, բայց, ցավոք, մեզ չհաջողվեց համոզել Րաֆֆի Հովհաննիսյանին, և պետք է պայքարը սկսենք մեր մեթոդներով»,- ասաց նա:
Ժիրայր Սեֆիլյանը նկատեց, որ անցել են առաջնորդների ժամանակները, եկել է առաջնորդող խմբերի ժամանակը:





