AM
26 Ապրիլ 2013 - 12:16 AMT

Բրիտանացի պաշտոնյան կարևորում է Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Հայաստանի կատարելիք քայլերը

Ապրիլի 26-ին Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Քոլին Ռոբերթսին, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը :

ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ զրույցում կարևորվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկրորդ պաշտոնավարման ընթացքում Հայաստանի համար կարևոր ուղղությունները:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ անցած հինգ տարիների ընթացքում իշխանության հիմնական ջանքերն ուղղված են եղել քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, երկրում հանդուրժողականության մեծացմանը և բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը: Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ևս մեծ վնասներ է հասցրել Հայաստանին: Նշվեց, որ գալիք տարիներին իշխանության ջանքներն ուղղվելու են տնտեսական աճի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտագաղթի վերացմանը և այլ ոլորտների:

Անդրադառնալով երկու երկրների միջև կապերին՝ ԱԺ փոխնախագահը նկատեց, որ վերջին շրջանում Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները նոր թափ են ստացել, ինչի մասին վկայում են ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, ՀՀ ԱԳ նախարարի և բրիտանական կողմից բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերը:

Հերմինե Նաղդալյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: Ըստ փոխնախագահի՝ ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությունը լայն շրջանակ է բացում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման համար:

«Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում Միացյալ Թագավորության կառավարության աջակցությունը Հայաստանում ընթացող տնտեսական և ժողովրդական բարեփոխումներին»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Խոսելով Հայաստանի տնտեսական առաջընթացից՝ Հերմինե Նաղդալյանը կարևորեց բրիտանական ընկերությունների կողմից իրականացվող մի շարք ծրագրերի իրագործումը Հայաստանում և իր երախտագիտությունը հայտնեց բազմաթիվ ոլորտներում բրիտանական աջակցության համար: Նշվեց, որ Հայաստանում մեծ հեղինակություն է վայելում հատկապես «Բրիտանական խորհուրդը»՝ իրականացնելով կրթական և մշակութային ծրագրեր: ԱԺ փոխնախագահը կարևոր համարեց նաև քաղաքական դաշտում կանանց ակտիվության ապահովման գործում խորհրդի ցուցաբերած աջակցությունը:

Կողմերը կարևորեցին նաև համագործակցությունը Եվրոպական Միության հետ հարաբերությունների ձևաչափում: Բրիտանացի պաշտոնյան կարևորեց Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Հայաստանի կողմից կատարվելիք քայլերը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու Հայաստանին այդ գործընթացներում: