AM
26 Ապրիլ 2013 - 12:39 AMT

Վ.Սողոմոնյանը` Քոչարյանի գործը ՌԴ դատախազություն ուղարկելու մասին. Պրիմիտիվ հնարք ու տխմարություն

Արդեն մի քանի օր է, որ մամուլում լուր է շրջանառվում, թե ռուսական ինչ-որ հակակոռուպցիոն ՀԿ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց է ներկայացրել ՌԴ դատախազություն: Նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պարզաբանումներ է տվել այս կապակցությամբ, փոխանցում է Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը:

«Ես միայն նախօրեին եմ ծանոթացել այդ «ցնցող» լուրին: Անկեղծ ասած, մինչև հիմա էլ չգիտեմ. արդյո՞ք արժե արձագանքել դրան, որովետև այս աստիճանի հիմարության հազվադեպ կարելի է հանդիպել: Հենց սկսում ես մտածել դրա շուրջ ու վերլուծել այդ լուրի էությունը՝ ակամա ծիծաղում ես: Պատկերացնո՞ւմ եք, որ ՀՀ որևէ քաղաքացի այսպես կոչված «ստացման հաստատումով» նամակ գրի ՀՀ դատախազությանը՝ պահանջելով գործ հարուցել որևէ այլ պետության նախկին նախագահի, ասենք՝ Ջորջ Բուշի դեմ: Հետո, երբ նրան փոստով կառաքեն ստացման հաստատումը, հայտարարի, թե Բուշի գործերը քննվում են ՀՀ դատախազությունում: Ես հոգեբույժ չեմ, և կարող եմ միայն ենթադրել, թե ինչ է կատարվում այդ քաղաքացու գլխում: Ցավոք, նույնը վերաբերվում է այն սակավաթիվ լրագրողներին և քաղաքական գործիչներին, որոնք ամենայն լրջությամբ վերլուծում են այս լուրը ու հանգում «ցնցող» եզրակացությունների:

Հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ այսպես կոչված «կոմպրոմատի» երկար տարիներ տևող անարդյունք փնտրտուքը ստիպում է ոմանց պրիմիտիվ հնարքներ բանեցնել ու նման տխմարություններ հորինել: Ցավալի է սակայն, որ մեզանում գնալով ավելանում է քաղաքական ծաղրածուների քանակը»,- ասել է նա:

Ավելացնենք, որ նախօրեին «Հակակոռուպցիոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը հայտարարել էր, որ Հայաստանում ստեղծվել է իշխանական մի բուրգ, ռեժիմ, որը կոռումպացված է։ Այդտեղ մտնում են իշխանական բոլոր կողմերը սկսած նախագահական նստավայրից, բարձրագույն օրենսդիր մարմնից: «Մոսկվա ուղարկել էինք նյութեր Ռոբերտ Քոչարյանի կապակցությամբ, որն էլ ուղարկվել է Վլադիմիր Պուտինին։ Քոչարյանը մի շարք օբյեկտների սեփականատեր է Մոսկվայում։ Պուտինին ուղղված նամակը ՈԴ գլխավոր դատախազություն է գնացել, որ այդ օբյեկտները ստուգվեն, այսպես շարունակելու ենք մյուս երկրներին ուղարկել, որտեղ կան Քոչարյանի և այլ պաշտոնյաների սեփականություններ»,- ասել էր նա: