AM
29 Ապրիլ 2013 - 13:19 AMT

Վ.Օսկանյան. Քաղաքապետը ներկայացվում է որպես երկրորդական անձնավորություն, ում բոլորը թելադրում են

Քաղաքապետն այսօր ներկայացվում է որպես երկրորդական անձնավորություն, ում բոլորը թելադրում են: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը:

«Մեր ամենամեծ ցավն այն է, որ կուսակցություններից մեկն այսօր Երևանի քաղաքապետին ներկայացնում է որպես մի մարդու, ով ընդամենը կենցաղային հարցեր պիտի լուծի: Մենք այլ մոտեցում ունենք: Երևանի ընտրությունները մեզ համար և քաղաքական են, և տնտեսական»,- ասաց Վարդան Օսկանյանը:

Ինչ վերաբերում է իր` քաղաքապետի պաշտոնը ստանձնելու ցանկությանը, ապա ըստ նրա, եթե քաղաքին մոտենում ես որպես Հայաստանի տնտեսության գլխավոր շարժիչներից մեկը, եթե մոտենում ես որպես համայն հայության մայրաքաղաք, ապա միանգամայն հասկանալի է, թե ինչու երկրի արտաքին գերատեսչությունը տասը տարի ղեկավարած անձնավարությունը ցանկանում է քաղաքապետի պաշտոնում լինել:

«Մի բան հաստատ կասեմ` սա ինձանից ցածր պաշտոն չէ»,- եզրափակեց ավագանու ԲՀԿ թեկնածուն: