ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը կարծում է, որ այսօր Հայաստանում կա մեկ քաղաքական ուժ, որը մեծամասնություն է և մյուսներ, որոնք ֆոն են, այդ թվում` կոալիցիայի կազմում: «Վաղը, եթե անգամ ՕԵԿ-ը հանդես գա ընդդիմադիր դիրքերից, ես անձամբ չեմ ասի` դուք ժամանակին այսպես եք արել, այսպես եք ասել: Պետք է հասկանալ, որ կոալիցիայում նրանք դեմ քվեարկեն, թե` ոչ, բան չի փոխվի: Այլ ուժի կողմից կա մեծամասնություն»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վարդան Օսկանյանը:
Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ապա, ըստ պատգամավորի, ԲՀԿ-ի գործունեությանը գնահատական պետք է տալ միայն վերջին տարվա կտրվածքով, այն պահից, երբ խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ-ն փոխեց իր քաղաքական կուրսն ու դուրս եկավ կոալիցիայից:
«Քաղաքականության մեջ երկու ուժերի՝ իրարից բաժանվելն ու հետագայում իրար քննադատելը նորմալ երևույթ է: Այսօր ԲՀԿ-ն հանդես է գալիս այլ տեսակետներով` այլընտրանքային, իսկ ինձ հարցնեք` ընդդիմադիր: Եկեք չվախենանք ընդդիմություն բառից: Ընդդիմությունը ուզում է ինչ-որ բան անել երկրի իրավիճակի լավացման համար»,- ասաց Վարդան Օսկանյանը:





