AM
29 Ապրիլ 2013 - 13:31 AMT

Վարդան Օսկանյանը խոստանում է քաղաքապետ դառնալու դեպքում աշխատանքի գնալ ավտոբուսով

Քաղաքապետը նախագահ չէ` չպիտի թիկնազոր ունենա ու պիտի սովորական քաղաքացի լինի: Նման կարծիքի է Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Վարդան Օսկանյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ քաղաքապետը պետք է անձամբ ծանոթ լինի քաղաքացու խնդիրներին, աշխատանքի գնա քաղաքային տրանսպորտով: «Այ այսքան մարդու մոտ խոստանում եմ`ես Մաշտոցի պողոտայում եմ ապրում ու եթե քաղաքապետ դառնամ, շաբաթական առնվազն երկու օր աշխատանքի կգնամ ավտոբուսով»,- ասաց Վարդան Օսկանյանը:

Վարդան Օսկանյանն անդրադարձավ նաև քաղաքապետ-քաղաքացի շփմանը և նկատեց, որ քաղաքապետը շաբաթական գոնե երկու անգամ պետք է դուրս գա իր աշխատասենյակից ու շրջի քաղաքով, խոսի մարդկանց հետ:

Ավագանու ԲՀԿ թեկնածուն առանձնացրեց այն երեք կարևոր կետերը, որոնք կլուծի առաջինը, եթե քաղաքապետ լինի. «Ես նախ և առաջ կփոխեմ կառավարման փիլիսոփայությունը: Այսօր ժողովրդի ու կառավարողի նպատակները տարբեր են: Կնույնացնեմ դրանք: Երկրորդ` ուշադրության թիրախում կպահեմ քաղաքացուն և երրորդ` կվերացնեմ անիմաստ բյուրոկրատական քաշքշուկը»: