Վայոց ձորի նախկին մարզպետ, Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանի դեմ հարուցված քրեական գործի մասին տեղեկությունը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի հաստատում:
«Ժամանակ» թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Սերգեյ Բագրատյանն իր պաշտոնավարման տարիներին յուրացրել է 2012 թվականին կառավարության կողմից Վայոց ձորի մարզին հատկացված դիզվառելիքը և փաստի առթիվ արդեն քրգործ է հարուցվել: «Այս պահին հաջողվել է բացահայտել մարզի մոտ հինգ գյուղի համար հատկացված դիզվառելիքի հափշտակության` շուրջ 10 միլիոն դրամի յուրացումը»,- այսօրվա համարում գրում է «Ժամանակը»։
Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ չի կարող, հղում անելով մամուլին, ասել, որ այդ տեղեկատվությունը հավաստի է: «Եթե անգամ նման բան կա, մենք որևէ խնդիր չենք տեսնում: Ես վստահ եմ, որ Սերգեյ Բագրատյանը որևէ հափշտակության հետ որևէ առնչություն ունենալ չի կարող: Եթե կա նման քրեական գործ, ես վստահ եմ, որ դրա արդյունքները ուղղակիորեն չեն կարող հաստատվել»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:





