ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ում դեմ մահափորձ էր իրականացվել, ով այժմ Եվրոպայում բուժվում է, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Բարեկամներս, երկար լռեցի։ Սա բարեկամի պահուածք չէ, բայց «արդարացում» ունեմ։ Մտածում էի՝ լաւ կզգամ ու էլ չեմ անդրադառնայ հիւանդութեանը, բայց դեռ չի ստացւում։ Վիրահատութիւնից յետոյ երրորդ օրը մարմնիցս հեռացրին՝ անջատեցին բոլոր խողովակները (մանաւանդ ետվիրահատական արտադրութիւնները դուրս բերողը՝Հայաստանում «դրենաժ» էին ասում) եւ դուրս գրուեցի։ Հարցն այն չէր միայն, որ թանկ արժեր՝ օրը 700 դոլարից աւելի (մոտ 550 եւրո), այլ այն,որ այդ ընթացքում միայն դեղեր էի ընդունելու եւ փոխելու վիրակապը։ Իսկ դա կարելի էր անել առանց հիւանդանոցում մնալու։ Ճիշտ է, այստեղ էլ աւելանում էին մնալու, սնուելու, դեղերի եւ ճանապարհի ծախսերը, բայց դա զգալիօրէն պակաս է կազմում։ Ի դէպ, հիմա զգում եմ, որ ճիշտ էր Իսրաէլ չգնալս. այնտեղ հիւանդանոցային օրն արժեր 1500 դոլար։ Դուրս գրուելուս 4-րդ օրուանից վիրահատման տեղերից արտադրութիւն կայ. ուղղակի դուրս է ցայտում, երբ սեղմում է։ Վիրաբոյժն ինքն անձամբ է անում։ Ջրախառն արեան տեսք ունեցող այդ արտադրութեան քանակն օրեցօր պակասում է, բայց բժիշկն էլ է մտահոգիչ համարում։ Ստուգման նախնական տուեալներով վարակ (ինֆեքշն) չկայ։ Ճնշուած եւ մասնակի այրուած գլխաւոր ներվի աշխատունակութեան վերականգնումն արագացնելու նպատակով այն «պատեանապատել» են յատուկ թաղանթով, որը երեք ամսից պէտք է ներծծուի մարմնիս մէջ։ Հիմա ենթադրում են, որ մարմինս չի ընդունում այդ թաղանթը եւ այդ պատճառով է այս արտադութիւնը։ Դեղերից «հակաբիոտիկ» եմ ընդունում (օրը երկու հաբ), ցաւազրկողներ (6 հաբ) եւ վիտամին B-ի ամբողջ փունջը։ Ընդհանուր վիճա՞կս… գոհ եմ, բայց…»,- գրել է Պարույր Հայրիկյանը:
Ավելացնենք, որ կառավարությունը պահուստային ֆոնդից 2013 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացնել է 20.5 մլն դրամ (մոտ 50 հազ. դոլար)` Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով: ԱԻՄ առաջնորդը մեկնել էր Եվրոպա` բուծվելու, որտեղ նրան վիրահատել էին:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել: ԱԻՄ առաջնորդը անրակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել:





