ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ում դեմ մահափորձ էր իրականացվել, ով այժմ Եվրոպայում բուժվում է ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ժամանակ է գտնում նաև զբաղվելու սեփական գործերով:
«Կազմակերպել եմ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ» գործիս թարգմանութիւնը։ Բրիւսելի քաղաքական ուժերի կողմից լուրջ հետաքրքրութիւն կայ։ Այս օրերին երկրորդ անգամ ենք հանդիպելու։ Թարգմանելու ենք (եւ արդէն սկսել ենք)՝ անգլերէն, ֆրանսերէն, ռուսերէն։ Այսօր նաեւ հոլանդերէնի մասին նախնական պայմանաւորուեցինք։ Վստահ եմ, գերմաներէնն ու իտալերէնն էլ իրենք իրենց կստացուեն։ Լաւ գործն ինքն է իր համար ճանապարհ հարթում է։
Դեսպանութեան աջակցուկթեամբ Յունուարի 31-ի գործի նիւթերն ստածել ու մասամբ նայել եմ։ Փաստաբանի հետ կապի մէջ եմ։
Կարող են այս ամիս դատն սկսել։ Ի դէպ, երբ այս բժշկուին էլ ասաց, որ հրաշքով եմ կենդանի մնացել, հարցրի մանրամասները։ Ասաց, որ գլխաւոր երակի վրայ նոյնիսկ քերծուածք կայ, այնքան մոտ է եղել գնդակը։ Ի պատասխան իմ՝ «Պատկերացնու՞մ եք, մարդիկ կային, որ ասում էին ինքս եմ կազմակերպել, ինքս եմ իմ վրայ կրակել» արտայայտութեանը, հարցրեց. «Հայաստանում այդպէս մտածող մարդ կա՞»…
Քաղաքական կեանքին յետեւում եմ։ Անմակարդակ դրսեւորումները չափազանց շատ են, բայց ամենանողկալին, չեմ էլ ասի՝ զազրելին, որովհետեւ դա միայն նողկալի էր, գիտեք որն էր։ Ահա թէ ինչ է նշանակում չհասկանալ, թէ ինչ էր նշանակում 1987 թուականին ԱԻՄ ստեղծումը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ կառավարությունը պահուստային ֆոնդից 2013 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացնել է 20.5 մլն դրամ (մոտ 50 հազ. դոլար)` Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով: ԱԻՄ առաջնորդը մեկնել էր Եվրոպա` բուծվելու, որտեղ նրան վիրահատել էին:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել: ԱԻՄ առաջնորդը անրակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել:
ԱԱԾ քննչական վարչությունում գործ էր հարուցվել: Փետրվարի 7-ին Հայրիկյանի գործով ձերբակալվել էին Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակով գտնվող երկու կասկածյալ՝ 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Մարտի 5-ին Հայրկյանի գործով կալանավորվել էր նաև նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: Նա մեղադրվում է մահափորձը պատվիրելու մեջ:





