AM
2 Մայիս 2013 - 14:10 AMT

Արմեն Գևորգյան. Երևանի ՏԻ մարմինների ձևավորման մոդելը կայանում է

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը` Սթյուարտ Դիքսոնի գլխավորությամբ: Պատվիրակությունը ժամանել է` հետևելու մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքին:

Ա. Գևորգյանը նախ շնորհակալություն հայտնեց Կոնգրեսի կողմից Հայաստանի կառավարության հրավերի ընդունման և դիտորդական առաքելության իրականացման համար: Նա հյուրերին տեղեկություններ ներկայացրեց ընտրական գործընթացի մասին` նշելով, որ Երևանի ավագանու ընտրությունները ևս, ինչպես վերջին մեկ տարվա ընթացքում հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունները, անցկացվում են նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, որն անհրաժեշտ պայմաններ է ապահովում ազատ և արդար ընտրությունների իրականացման համար:

Ա. Գևորգյանը նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվում են բավականին ուժեղ մրցակցային պայմաններում: Առաջադրվել է յոթ քաղաքական ուժ, որոնք ակտիվ քարոզարշավ են իրականացնում, այդ թվում` հեռարձակվող լրատվամիջոցներով: Բոլոր ուժերը հավասարապես ունեցել են սահմանված հնարավորությունները` ինչպես առաջադրվելու, գրանցվելու, այնպես էլ քարոզչություն իրականացնելու առումով:

Ընտրական հանձնաժողովներում ևս ոչ իշխանական քաղաքական ուժերը բավականին մեծ ներկայացվածություն ունեն, ինչը թույլ կտա լուրջ վերահսկողություն իրականացնել ինչպես հանձնաժողովների աշխատանքի, այնպես էլ ընտրական գործընթացի նկատմամբ:

Երևանի ավագանու ընտրություններն անցկացվում են արդեն երկրորդ անգամ և, ըստ Ա. Գևորգյանի, Երևանի ՏԻ մարմինների ձևավորման մոդելը կայանում է ու հետագայում հնարավոր է կիրառվի հանրապետության մյուս խոշոր քաղաքների դեպքում ևս: Ա. Գևորգյանը պատասխանեց նաև պատավիրակության անդամներին հետաքրքրող հարցերին, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: