«Բարգավաճ Հայաստան» կուսակցության երեկվա հանրահավաքին մասնակցելու համար կուսակցության կողմից մարդկանց գումար բաժանելու տեղեկությանը ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը չի հավատում: «Ինձ չի հետաքրքրում արդեն»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Ավելացնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում անդրադարձել է Ազատության հրապարակում կայացած ԲՀԿ հանրահավաքին և գրել. «Դեռ հանրահավաքից մեկ ժամ առաջ, դեպի հրապարակ տանող փողոցներում մեծ աժիոտաժ էր: Ահաբեկված ԲՀԿ-ն ավտոբուսներով տեղափոխում էր իր հանդիսատեսին: Տարբեր էլեկտրոնային ԶԼՄ-ներ սկսեցին տեղեկություններ հրապարակել, թե Աբովյան քաղաքի մանկապարտեզների և դպրոցների աշխատողներ, պարզապես աբովյանցիներ`տեղափոխվում են Երևան` Ազատության հրապարակ: Մեր թղթակիցը նույնպես ներկա է եղել այդ աժիոտաժին: Ավելին, նա ականատես է եղել, թե ինչպես են օպերային հարակից տարածքում երիտասարդներին հագցնում ԲՀԿ-ի սպիտակ շապիկները, գլխարկները:
Մեր թղթակցի մոտ կա ձայնագրություն, որտեղ ապացուցվում է, որ դրա դիմաց հազարական դրամ է բաժանվել: Բայց սա ամբողջը չէ: Իշխանությունների կողմից ահաբեկումների ենթարկվող այս ընդդիմադիր ուժի հանրահավաքին մարդ բերելու համար ծառայել են նաև հենց իրենց`ահաբեկողների տրանսպորտային միջոցները: Իսկ ահա օրվա վերջում ահազանգ ստացանք, որ ԲՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց` Կոնյակի գործարանի հարևանությամբ, երիտասարդներ են հավաքված: Տեղում մեր թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես է դրսում հավաքված տղաների խմբի մեջ մեկը նայում ցուցակին և 10 հազար դրամանոցներ տալիս խմբի լիդերներին, որ նրանք կիսեն իրար մեջ: Թերթի թղթակցի և փող ստացող տղաների միջև տեղի է ունեցել հետևյալ երկխոսություն, որի ժամանակ, պատասխանելով հարցին, թե մարդա ինչքա՞ն են տալիս, ասել է. «վաբշե 5 են տալիս, էս գործը 5 ա: Մեզ մարդա 2-2.5 են տալիս, խառը»:





