AM
3 Մայիս 2013 - 08:18 AMT

«Ժառանգություն». Ավագանու ընտրություններով հնարավոր է կոտրել իշխանական մենաշնորհը

Երևանի ավագանու ընտրությունները բացառիկ քաղաքական նշանակություն ունեն, կարծում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամին նա իր այս տեսակետը հիմնավորեց նրանով, որ այս ընտրություններով հնարավոր է կոտրել իշխանական մենաշնորհը:

Անդրադառնալով ընտրության օրը ոչ իշխանական ուժերի հետ համագործակցությանը, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ կա ընտրատեղամասերում համագործակցելու պայմանավորվածություն: «Եթե նրանք ուզում են իրավիճակ փոխել երկրում, ապա պետք է համագործակցել»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը և նկատեց, որ այդ համագործակցությունը կշարունակվի, եթե ոչ իշխանական ուժերն ընտրությունների ընթացքում իրենց պահեն օրենքի սահմաններում:

Նա չցանկացավ կանխատեսել, թե քանի տոկոս կստանա «Բարև, Երևան» դաշինքը. «Քաղաքական դաշտում անկանխատեսելի զարգացումներ են լինում, և չեմ կարող ասել, թե որքան ձայն կհավաքենք»: Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ցանկացած քանակության մանդատի դեպքում «Ժառանգությունը» որակյալ թիմ է ուղարկելու ավագանի: «Ես ակնկալում եմ, որ մեր դաշինքը ծանրակշիռ ներակայություն կունենա ավագանիում»,- ասաց նա: