Ընդդիմությունը կարող է կասեցնել իշխանության քաղաքական մենաշնորհը, եթե քաղաքական ուժերն իրենց չպահեն այնպես, ինչպես պահեցին փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների ժամանակ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման հայտարարություն արեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա` այդ ուժերը քաղաքական էգոիզմ ցուցաբերեցին. «Հայտարարում են, որ կողմ են ժողովրդական շարժմանը, բայց ամեն ինչ արեցին, անգամ իրենց լրատվամիջոցներով, որ պախարակեն, թուլացնեն համաժողովրդական շարժումը, իսկ ՀԱԿ առաջնորդը նույնիսկ քաղաքական մահախոսական կարդաց Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին: Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ ընդդիմադիրներին չեն քննադատելու, մյուս Լևոնն անմիջապես հարձակման անցավ»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ իրենք քինախնդիր չեն, դա քաղաքական կատեգորիա չէ: Կուսակցությունը պատրաստ է թե Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, թե ավագանու ձևավորումից հետո համագործակցել, բայց դա պայմանավորված կլինի քաղաքական ուժերի որդեգրած կեցվածքով և նրանով, թե ինչքանով անկեղծ կլինեն իրենց հետընտրական ցանկությունները: «Այդ երեսպաշտությունից ընդդիմադիր դաշտը ճողվածք է ստացել: Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ընտրվել էր նախագահ, իրենց ճաշակով չէր և իրենց գործնական բոլոր քայլերն ուղղված էին, որպեսզի Սերժ Սարգսյանը շարունակի իր հետագա պաշտոնավարումը»,- հայատարարեց նա:
Ռուբեն Հակոբյանը նաև նշեց, որ ապրիլի 9-ին իրենք մարտավարական որոշ սխալներ են թույլ տվել, բայց ամեն էլեկտորատ իր կանգառում իջավ. «Հիմա»-ի կանգառում, որը Բաղրամյանի սկիզբն էր, մյուսը մնաց Ազատության հրապարակում, մի մասն այդ պահին հեռացավ: Այն, ինչ որ կատարվեց, քաղաքագիտորեն օրինաչափ էր, մարդիկ էլ հիասթափված չեն»:





