AM
3 Մայիս 2013 - 09:04 AMT

Քաղաքագետը չի բացառում, որ ավագանու ընտրություններում իշխանության թեկնածուն չի հաղթի

Երևանի ավագանու ընտրությունը քաղաքական չէ, դա «մենեջերի» ընտրություն է, ասում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը և նկատում, որ այն քաղաքականցվեց և փորձ է արվում քաղաքապետի ընտրությունների միջոցով երկրում հասնել իշխանափոխություն:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետը նկատեց, որ եթե նույնիսկ իշխանությունները հաղթեն, ապա դա կլինի դժվար հաղթանակ, քանի որ ընդդիմությունը այս անգամ լավ կազմակերպված է: Լևոն Շիրինյանն, անգամ, չբացառեց, որ իշխանության թեկնածուն չհաղթի այս ընտրություններում:

Ասուլիսին ներկա էր նաև քաղաքագետ Էդգար Վարդանյանը, ով նշեց, որ իշխանական քաղաքական ուժերը, և հատկապես ՀՀԿ-ն, քարոզարշավը տանում է այնպես, որ այս ընտրությունները միայն քաղաքապետի ընտրություններ են և անտեսում են ավագանու ընտրությունները: Նա նաև նկատեց, որ իշխանությունները օգտագործում են իրենց վարչական ռեսուրսները և անհավասար պայմանների մեջ դնում մնացած ուժերին, իսկ ընդդիմությունը փորձում է վերացնել քաղաքային իշխանությունների այդ ազդեցությունը: