Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը կարծում է, որ լավ քաղաքապետ կլինի և բոլորը կսիրեն իրեն: Նա ՕԵԿ-ի համար բարձր տոկոս է ակնկալում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արմեն Երիցյանն ամփոփեց ավագանու ընրությունների ՕԵԿ նախընտրական քարոզարշավը և նշեց, որ այն քաղաքացիները, ովքեր ձայնը տալու են իրեն, միասին են կառուցելու Երևանը:
«Երևանը պետք է լինի միջազգային չափանիշներին համապատասխանող քաղաք, որ հպարտանանք, որ երևանցի ենք: Եթե իմ կողքին կանգնեք, մենք կունենանք սիրուն և հզոր Երևան: Երևանցին պետք է հասկանա, որ ինքն է քաղաքի տերը»,- ասաց Արմեն Երիցյանը:
Անդրադառնալով քվեարկության օրվան, ՕԵԿ թեկնածուն ասաց, որ պետք է ամեն ինչ անեն, որ ընտրություններում խախտումներ չլինեն:
Ավագանու ընտրությունների ՕԵԿ քարոզարշավն այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ամփոփեց նաև ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: «Մենք Երևանի ավագանու ընտրություններում պայքարում ենք հաղթանակի համար: Մենք ունենք մրցակցային թեկնածու, ի դեմս Արմեն Երիցյանի, և ժողովրդի հետ հանդիպումներում եկել ենք այն համոզման, որ մենք մեծ պոտենցիալ ունենք»,- ասաց պատգամավորը:





