AM
3 Մայիս 2013 - 09:52 AMT

Ա.Մարտիրոսյան. Քարոզարշավի օրերին գործեց «սա իմ սարն է, սա իմ ծառն է» սկզբունքը

«Բարև Երևան» դաշինքի նախընտրական քարոզարշավն անցավ բազմաթիվ խոչընդոտներով ու միջադեպերով: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց «Բարև Երևան» դաշինքի ցուցակի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը: «Քարոզարշավի օրերին լիովին գործեց «սա իմ սարն է, սա իմ ծառն է» սկզբունքը: Մարդկանց ամենաթողությունն այն աստիճանի է հասել, որ հաճախ թաղամասերում որոշ մարդիկ հեռախոսի համար էին թողնում, ասելով` թող մեզ զանգեն՝ նոր գան այստեղ քարոզարշավ անեն»,- պատմեց քաղաքապետի թեկնածուն:

Արմեն Մարտիրոսյանն ահազանգեց, որ այսօր մասսայաբար ընտրակաշառք են բաժանում ու օգտագործվում է ադմինիստրատիվ ռեսուրսը. «Դպրոցներում, պետական կառույցներում` ամեն տեղ ճնշումներ կան: Ոստիկանությունը հետևողական չէ սրանց նկատմամբ: Մեր պաստառներն են պոկում` ոստիկանությունը չի բացահայտում: Ամենաթղության մթնոլորտ է»:

Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաև քվեարկության օրվան ու տեղեկացրեց, որ իրենց վստահված անձանց ու հանձնաժողովների անդամներին հրահանգ է տրվել աշխատել բոլոր այն ուժերի հետ, որոնք ուզում են ու պատրաստ են արդար ընտրություններ անցկացնել:

Քաղաքապետի թեկնածուն ձայների մեծամասնություն է ակնկալում ու հուսով է, որ ավագանին կփոխվի:

Անդրադառնալով «Բարև Երևանի» վերջին հանրահավաքին, որին շատ մարդ չէր մասնակցում, Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ Հայաստանում երկու միլիոն մարդ է բնակվում, բայց ոչ ոքի քարոզարշավին հարյուր հազարից շատ մարդ չի գնում:

«Անմիջական կապ տեսնել հավաքի մասնակիցների և ստանալիք քվեի միջև՝ սխալ է: Միգուցե մենք սխալ ժամ ենք ընտրում հանրահավաքի համար՝ ժամը երեքին շատ շոգ էր, բայց մենք կամաց-կամաց փորձ ենք ձեռք բերում: Նաև պետք է հաշվի առնել, որ «Բարև Երևանի» ու «Ժառանգության» հավաքներին մարդիկ իրենց ցանկությամբ և ոչ գործարարների պարտադրանքով են գալիս»,- ասց նա: