Ժամը 07:00-ին մայրաքաղաքի 13 ընտրատարածքներում ձևավորված 464 տեղամասային ընտրական հանձնաժողովները գումարել են նիստեր: 3712 անդամներից ներկա չի եղել 12-ը: Այս մասին ԿԸՀ-ի առաջին նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Ընտրական հանձնաժողովներ չներկայացած անդամներից 8-ը «Ժառանգությունից» են, 2-ը` ՀՅԴ-ի կողմից, 2-ը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից նշանակված:
Անդրադառնալով անձնագրերի դրոշմակնիքին, Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ թանաքանյութն անցել է հատուկ փորձաքննության:
ԿԸՀ-ն անցկացրել է դասընթացներ տեղամասային ընտրական հանձնաժողովների համար: Հանձնաժողովների անդամները ծանոթացել են թանաքանյութին, ԿԸՀ-ի լիազոր ներկայացուցիչների ներկայությամբ այն ստուգվել է:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացնում 26 տեղական ՀԿ-ներ` ընդհանուրը 6613 դիտորդ և 12 միջազգային դիտորդ:





