AM
5 Մայիս 2013 - 09:40 AMT

ԹԻՀԿ. Բազմակի քվեարկություններ, դիտորդներն ուղղորդում են ընտրողներին, խախտումները չեն արձանագրվում

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» 134 դիտորդները շարունակում են հաղորդել գրանցված միջադեպերի և խախտումների մասին: Կենտրոնի պաշտոնական կայքում տեղադրված վերջին միջադեպերը`

12/11 տեղամասում` 140 դպրոց, Նորագավիթ, ընտրողներին են տանում բերում տեղամաս, մարդկանց շարունակական կուտակումներ են դիտարկվում:

13/17 տեղամասում` 43 դպրոց, Նոր Արեշ, հանձնաժողովի անդամները պահանջում են դիտորդներին ցույց տալ նկարահանված նյութերը, որակելով նկարահանումը որպես անօրինական գործողություն:

07/13 տեղամասում (176 դպրոց, Ա-1 թաղ) կնիքի դրոշմը անձնագրից մաքրած կինը փորձել է քվեարկել ևս մեկ անգամ: Դեպքը կանխվել է, սակայն հանձնաժողովի նախագահը չի հրավիրել ոստիկանության ներկայացուցչին, այլ թույլ է տվել, որ ընտրողը հեռանա տեղամասից:

13/27 տեղամաս` 64 դպրոց, Վարդաշեն, մոտակայքում ընտրակաշառք են բաժանում:

13/30 տեղամասում` 107 դպրոց, Ջրաշեն, նույն անձանց կողմից բազմակի քվեարկություններ են դիտարկել դիտորդները, փորձում են հայհոյել և ահաբեկել դիտորդներին, հանձնաժողովի նախագահը մերժում է գրանցել դիտարկված խախտումները, ընտրողների ուղղորդում և անօրինական օժանդակություն են ցուցաբերում:

13/30 տեղամասում` 107 դօպրոց, Ջրաշեն, ընտրողներին են տանում և բերում, մարդկանց կուտակումներ են թեղամասի մուտքի մոտ:

13/15 տեղամասում (№ 194 դպրոց, Նոր Արեշ), հանձնաժողովի նախագահի կարճատև բացակայության ընթացքում տեղամասում ստեղծվել է անկառավարելի իրավիճակ, տեղամասում ներկա են անհայտ անձինք:

07/28 տեղամասում (№ 111 դպրոց, Լուկաշին փ.), արձանագրվել է երկու հոգով քվեախցիկ մտնելու երկու դեպք, որոնցից վերջինը գրանցվել է հանձնաժողովի նախագահի կողմից: Մինույն ժամանակ «Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոնի դիտորդ Արմեն Բաղդասարյանը և «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիայի դիտորդ Սարգիս Հարությունյանը ուղղորդում են ընտրողներին, ելումոտ են անում՝ դրսից ընտրողներ են ուղեկցում ընտրատեղամաս:

13/23 տեղամասում` 3-րդ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, Էրեբունի, երեք հոգի տեղամասի մուտքի մոտ ուղղորդում են ընտրողներին և պարբերաբար դուրս են կանչում ՀՀԿ վստահված անձին, խորհրդակցում նրա հետ, Էրեբունի տաքսի սերվիս բերում է մարդկանց ընտրական տեղամաս: 12:35 13/17 տեղամասում (№` 43 դպրոց, Նոր Արեշ), հանձնաժողովի անդամները խոչընդոտում են դիտորդի պարտականությունների իրականացմանը՝ արգելելով ազատ տեղաշարժը տեղամասում:

13/26 տեղամասում հանձնաժողովի «Ժառանգության» անդամ Արևիկ Չոբանյանը ընտրատեղամաս է եկել է ժամը 11:50 միայն, հանձնաժողովի նախագահը արգելել է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, սակայն տիկին Չոբանյանը աղմուկ է բարձրացրել, զանգել ԿԸՀ, որտեղից թույլատրել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին ժամը 12:00-ից:

08/19 տեղամասում (179 դպրոց, Ա-3 թաղամաս) ընտրողը քվեախցիկում քվեարկելուց հետո լուսանկարել է սեփական քվեաթերթիկը` խախտելով քվեարկության գաղտնիության պարտականությունը: Հանձնաժողովի նախագահն ընդամենը նախազգուշացրել է ընտրողին, որ դա անթույլատրելի է, այնուհետև ընտրողին թույլ է տրվել քվեարկության ծրարը նետել քվեատուփ: Խախտումը չի արձանագրվել հանձնաժողովի գրանցամատյանում այն չնկատելու պատճառաբանությամբ:

08/06 տեղամասում (№ 9 դպրոց, Բատիկյան փ), այս պահին չճշտված անձը փորձել է երկրորդ անգամ քվեարկել, սակայն հանձնաժողովի «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը նկատել է դա, երկրորդ քվեաթերթիկը առգրավվել և պատռվել է, այս պահին արձանագրություն են կազմում: