«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը, որը «Երևանի ավագանու ընտրություններ-2013» իրավական նախաձեռնության շրջանակներում իրականացնում է դիտորդություն Թիվ 1 ընտրատարածքում ամբողջությամբ և 10 շրջիկ մեքենաներով՝ Երևանի ողջ տարածքով, հայտարարում է, որ մայիսի 5-ի ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությունն անցնում է աննախադեպ լարված մթնոլորտում՝ համեմատած Հայաստանում վերջին տարիներին անցկացված ընտրությունների։
«Մարդկանց համատարած ուղղորդում են և ընտրատեղամասերից դուրս, և ընտրատեղամասերի ներսում։ Ընտրական գործընթացի մասնակիցների հանդեպ կիրառվում են հոգեբանական և ֆիզիկական ճնշումներ, որոնք գրանցվում են դիտորդների կողմից։ Եվ այս ամբողջը տեղի է ունենում մեծ մասամբ ընտրատեղամասերից դուրս՝ ոստիկանության անգործության պայմաններում»,-ասված է ՔՀԻ հաղորդագրության մեջ։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ոստիկանությանը կոչ է անում արգելել ընտրատեղամասերի մոտակայքում ուղղորդող մարդկանց խմբերի և առանձին անհատների ներկայությունը, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ արագ արձագանքել տեղամասերից ստացվող ահազանգերին և քայլեր ձեռնարկել ընտրատեղամասերի ներսում կողմնակի մարդկանց գտնվելը բացառելու ուղղությամբ։





