AM
5 Մայիս 2013 - 12:25 AMT

ՊՆ. Զինծառայողների մասնակցությամբ ընտրախախտումների մասին ահազանգերն ապատեղեկատվություն են

Էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներով և iditord.org կայքով տեղեկություններ են տարածվում Երևանի ավագանու ընտրություններին ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցության հետ կապված խախտումների վերաբերյալ: Մասնավորապես, տեղեկություն է տարածվել, թե «զինվորականների ընտանիքներին հորդորում են» քվեարկել թեկնածուներից մեկի օգտին, պատճառաբանելով, որ «դա ՊՆ-ի հանձնարարությունն է», իսկ «Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում տեղակայված 7/17 ընտրատեղամասի առջև ՊՆ 0650 պետհամարանիշով ավտոմեքենայից գումար է բաժանվում»:Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և պարունակում են մի շարք անճշտություններ: Նախ` Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում գոյություն չունի 7/17 ընտրատեղամաս, այն գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում, թիվ 162 դպրոցի շենքում: Ինչ վերաբերում է նշված զինհամարանիշի մեքենային, ապա դրա վարորդ Խաչատուր Էդուարդի Սարգսյանը հաշվառված է Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում գտնվող թիվ 3/17 ընտրատեղամասում, որտեղ և այսօր` մայիսի 5-ին, կատարել է իր քաղաքացիական պարտքը:

Երևանի ավագանու ընտրություններին զինծառայողների մասնակցության հետ կապված ընտրախախտումների վերաբերյալ չճշտված, անհասցե և անհիմն «ահազանգերը» դիտարկվում են որպես ապատեղեկատվություն և համապատասխան արձագանք չեն ստանա ՀՀ ՊՆ կողմից: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: