Երեկ Մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմը ահազանգ է ստացել, որ Մաշտոցի պողոտայի վրա մի կին փոքր երեխայի հետ նստած փող է մուրում: Պաշտպանի՝ երեխաների հարցերով խորհրդական Աիդա Մուրադյանը մեկնել է նշված վայր՝ մանրամասները ճշտելու նպատակով: Բացի այդ՝ նա կապվել էր ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի և ոստիկանության հետ՝ նրանց նույնպես ներգրավելով խնդրի լուծման մեջ:
Ինչպես պարզվել է, մայրը, ելնելով ծանր սոցիալական վիճակից, երեխայի հետ Մասիս քաղաքից եկել է Երևան մուրացկանության միջոցով գումար վաստակելու: Առաջին անգամն էր, որ կինը դիմում էր նման միջոցի, քանի որ արդեն չէր կարողանում հոգալ իր և երեխայի սննդի խնդիրը: Նախկինում դատված ամուսինը ոչնչով չի օգնում նրան և չի կարողանում պահել ընտանիքը:
Մայրն ու երեխան փողոցից տեղափոխվել են ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն և ստանալով որոշակի օգնության փաթեթ՝ գնացել տուն: Ոստիկանության աշխատակիցների խոսքո՝ կնոջ վրա եղել նաև բռնության հետքեր, որոնց կապակցությամբ կինն, այնուամենայնիվ, հրաժարվել է բողոք ներկայացնել:
Պաշտպանի խորհրդականը պարբերաբար կապ է պաշտպանում թե կնոջ հետ, թե Ոստիկանության և ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի աշխատակիցների հետ:
Միաժամանակ իրավիճակը հսկողության տակ պահելու և երեխային կրկին մուրացիկության մեջ ներգրավելը կանխելու նպատակով, Պաշտպանը պատրաստվում է գրություններ է ուղարկել Մասիսի քաղաքապետարանի երեխայի իրավունքների պաշտպանության բաժին և ոստիկանություն:





