AM
6 Մայիս 2013 - 09:10 AMT

Սիրիահայ դպրոցականները հյուրընկալվեցին Արագածոտնի մարզում

ՀՀ սփյուռքի նախարարությունը և Արագածոտնի մարզպետարանը համատեղ կազմակերպել էին «Կիլիկեան» դպրոցի սիրիահայ սաների այցելությունը Արագածոտնի մարզ:

Այցի շրջանակներում սիրիահայ աշակերտները եղան Տառերի պուրակում, այցելեցին Հովհանավանք: Այնուհետև դպրոցականներին ընդունեցին Կարբի գյուղի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի սաները, ովքեր իրենց ձեռքով պատրաստած ուտեստների հյուրասիրություն էին կազմակերպել սիրիահայ հասակակիցների համար: Հյուրերի համար ելույթ ունեցավ Կարբիի դպրոցի քառաձայն երգչախումբը: Դպրոցականները համատեղ հանդես եկան ասմունքի, երաժշտական և պարային ստեղծագործությունների կատարումներով, որից հետո երկու դպրոցների պատանի ֆուտբոլիստները իրենց ուժերը չափեցին մարզադաշտում:

Ողջունելով սիրիահայ դպրոցականներին իրենց հարկի տակ՝ Կարբիի գյուղապետ Կարեն Բաղդասարյանը և դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանը իրենց պատրաստակամությունը հայտնեցին առաջիկայում ևս նման միջոցառումներ կազմակերպել: Սիրիահայ դպրոցականների անունից ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեց «Կիլիկեան» դպրոցի տնօրեն Նորա Փիլիպոսյանը: Իսկ ծրագրի նախաձեռնողներից Մարիետա Մակարյանը նշեց, որ ծրագիրը հիանալի հնարավորություն էր սիրիահայ երեխաների ինտեգրումը կազմակերպելու, իրենց հասակակիցների հետ շփվելու և մտերմանալու համար: