AM
7 Մայիս 2013 - 09:12 AMT

Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ ներկայացված հայցադիմումից

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դիմում է ներկայացրել դատարան՝ հրաժարվելով բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ ներկայացված հայցադիմումից: Այս ամսին բլոգերը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով:

«Ամիսներով ձգձգվող դատահետաձգությունը վերջապես ավարտվեց։ Տիգրան Ուրիխանյանը, գոնե ինձ համար, անակնկալ քաղաքական խոհեմություն դրսևորելով, դիմում ներկայացրեց դատարան՝ հայցադիմումից հրաժարվելու մասին։ Ողջունում եմ այդ իսկապես խելացի քայլը որը մեզ երկուսիս էլ կազատի անիմաստ քաշքշուքից ու թույլ կտա մեր ժամանակն ավելի օգտակար կերպով օգտագործել»,-գրել է բլոգերը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նախորդ տարվա դեկտեմբերին դատական հայց էր ներկայացրել բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ: Տիգրան Ուրիխանյանը պահանջում էր իի պատիվը, արժանատվությունն ու գործարար համբավը պատկերի միջոցով արատավորելու համար, պարտավորեցնել պատասխանողին հրապարակային ներողություն խնդրել և որպես փոխհատուցում 1.000.000 դրամ բռնագանձել:

Այդ պահանջների հետ մեկտեղ խնդրվում էր քննել նաև Demotivator.am և Blognews.am կայքերից և սոցցանցերից հայցվորի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող նյութերը հեռացնելու պահանջը և պարտավորեցնել պատասխանողին հեռացնել նշված նյութերը: Խոսքը համացանցում հայտնված դեմոտիվատորի մասին է, որտեղ քննադատվել էր Տիգրան Ուրիխանյանին ամենաոճային գործիչ ճանաչելու փաստը: