ԱԺ «Հայ ազագային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ ընտրություններ որպես այդպիսին գոյություն չունեն, հետևաբար արդյունքների մասին խոսելն անիմաստ է: «Կա փող, փողն էլ բերում է իշխանություն: Իրականում փողի ընտրություն, ով ինչքան շատ է փող տալիս, այնքան շատ ձայն է ստանում: Իշխանությունն ամեն անգամ վերարտադրվում է»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատգամավորը:
Ըստ նրա` խնդիրն անգամ ընտրակաշառքը չէ, այլ` քիչ թվով գիտակից քաղաքացիները: «Քաղաքացին կկարողանար ընտրություն անել, եթե լավ ապրեր: Ինչպե՞ս կարող է այս իշխանությանն այդքան մեծ թվով ձայն տալ, եթե ատելությամբ է լցվել այս իշխանությունների նկատմամբ»,-նկատեց Լյուդմիլա Սարգսյանը:
ՀԱԿ պատգամավորն ընդունում է, որ ընդդիմադիր ուժերը ձայների կորուստ ունեցան նաև նախագահի ընտրություններին չմասնակցելով: Ինչ վերաբերում է նախագահի ընտրություններին մասնակցած «Ժառանգությանն» ու ավագանու ընտրություններին «Բարև, Երևան» դաշինքի ստացած ձայներին, ապա, ըստ ՀԱԿ պատգամավորի, դրանք «Բարև, Երևանի» սեփական ձայներն են: Իսկ ՀՀԿ-ի ստացած ձայների հետ կապված Լյուդմիլա Սարգսյանը հարցնում է. «Ինչպե՞ս կարող էր ՀՀԿ-ն Երևանում այդքան շատ ձայն ստանալ, եթե նախագահի ընտրություններին այդ արդյունքը չուներ»:
ՀԱԿ պատգամավորը նշեց, որ ընդդիմադիր ուժերը փորձեցին համախմբվել և ձայները վերահսկել ընտրությունների օրը, սակայն մեծ գումարների դեմ դժվար է պայքարել: Լյուդմիլա Սարգսյանը հուսահատված չէ. «Ոչինչ, մի ընտրությունով չի ավարտվում, պետք է միավորվել, որը կարող է դրական արդյունք տալ»:





