Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքներով երրորդ տեղը զբաղեցած «Բարև, Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը պնդում է, որ ընտրությունների օրը իշխանությունների օգտին աշխատել են նաև որոշ հասարակակական կազմակերպություններ` դիտորդական առաքելության քողի տակ:
«ՀԿ-ներից որոշների ներկայացուցիչները հենց գումար բաժանող են եղել ընտրությունների նախորդ գիշերը, ու իրենք էլ տեղամասում կանգնել են, որ ընտրողը գա, ասի` «արա ստեղ կանգնած ա, գող` սիրտը դող, սիրուն գնա, քվեարկությունը կատարի»: Էլ կարմիր գույնի գրիչ, էլ կանաչ գույնի գրիչ, էլ բազմանկյունի թղթեր, վեց տակ, ութ տակ ծալած քվեաթերթիկներ, մի հատ էլ կողքից ծալած, որ իմանան, որ սա Պողոսյան Պողոսն է արել: Մյուսն էլ մի քիչ ուրիշ ձև ծալած: Խայտառակություն ուղղակի»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով ընտրությանը օրը տեղի ունեցած ընտրակեղծիքներին:
Ավելացնենք, որ ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը ևս PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ եղել են դիտորդներ, ովքեր իրականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրներն էին և աշխատել են ԲՀԿ-ի օգտին:
Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացրել 26 տեղական կազմակերպությունների մոտ 6500 դիտորդներ:





