AM
8 Մայիս 2013 - 14:15 AMT

Օմբուդսմեն .Փակ շուկայի ապօրինի շինարարության խնդիրը մնացել է չլուծված

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր մտահոգությունն է հայտնել Երևանի փակ շուկայի շինարարական աշխատանքների վերսկսման կապակցությամբ:

«Անընդունելի է, որ արդեն մեկ տարի է, ինչ Երևանի հուշարձաններից մեկը ենթարկվում է փոփոխման, և ոչ մի իրավասու մարմին այդպես էլ չի արձագանքում այս ապօրինությանը:

Դեռևս տարվա սկզբին, մտահոգված լինելով այս հարցով, Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսեց փակ շուկային վերաբերող խնդրի ուսումնասիրությունը: Գրություններ ուղարկվեցին Երևանի քաղաքապետարան, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ քաղաքաշինության նախարարություն և ՀՀ գլխավոր դատախազություն` շինարարական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով: Ինչպես Երևանի քաղաքապետարանից, այնպես էլ նախարարություններից ստացված պատասխան գրություններում նշվում էր, որ կատարվող վերգետնյա շինարարական աշխատանքներն ապօրինի են: Երևանի քաղաքապետարանից հայտնել էին նաև, որ «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊ ընկերության տնօրենը ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության, իսկ շինարարական աշխատանքները դադարեցվել են: Սակայն, մայիսի 7-ին Պարոնյան 4ա հասցեի բնակիչներից կրկին ահազանգ եղավ, որ փակ շուկայում շինարարությունը ավելի ակտիվանում է, կառուցվում է վերնահարկը:

Կոչ ենք անում պատկան մարմիններին ստուգել բնակիչների ահազանգը, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան միջոցներ այս ապօրինությունը վերացնելու և մշակութային արժեքը վերականգնելու ուղղությամբ»,-ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Պարոնյան փողոցի 4ա շենքի բնակիչները հերթական ահազանգն էին տարածել: Նրանք տեղեկացրել էին, որ նախագահական ընտրությունների շեմին Փակ շուկայի շենքի վրա կառուցվող նոր հարկաբաժնի դադարեցված շինարարությունը վերսկսվել է: